Մանիպուլյացիայի մեծագույն վարպետ եք՝ Վահե Հակոբյանը Ռուբեն Ռուբինյանին
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» դաշինքի առաջադրած թեկնածու Վահե Հակոբյանին հարց տալու համար ԱԺ այսօրվա նիստում հերթագրվեց 27 ՔՊ-ական պատգամավոր:
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, նիստը վարողի իրավունքից օգտվելով, առաջինը հարց տվեց՝ հիշելով, որ Հակոբյանը 2018 թվականին է լքել ՀՀԿ-ն և հարցրեց, թե արդյո՞ք այն պատճառով, որ կուսակցությունն այդ տարի կորցրել էր իշխանությունը:
«Բացարձակ ոչ: Այդ պահին ՀՀԿ-ն լքելը մեկ բանով էր պայմանավորված՝ այլևս չէի ուզում զբաղվել քաղաքականությամբ, ու հետո դուք ստիպեցիք, որ ես վերադառնամ քաղաքականություն, հարգելի գործընկերներ»,-պատասխանեց Վահե Հակոբյանը:
Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվեց, թե Հակոբյանը ինչո՞ւ չվերադարձավ հարազատ ՀՀԿ-ն այլ ստեղծեց նոր կուսակցություն և տվեց երկրորդ հարցը. «Կա՞ հավանականություն, որ մի օր էլ, երբ, օրինակ, «Հայաստան» դաշինքը դժվարություն ունենա, դուք նորից չեք ուզենա չզբաղվել քաղաքականությամբ և թափուր մնա հանձնաժողովի նախագահի պաշտոնը»:
Վահե Հակողյանը փաստեց, որ Ռուբինյանը մանիպուլյացիայի մեծագույն վարպետ է, բայց և նորից կրկնեց, որ այն ժամանակ չէր ուզում զբաղվել քաղաքականությամբ, բայց հպարտ է ՀՀԿ-ի անդամ լինելու համար, իսկ նոր կուսակցություն ստեղծելիս հաշվի է առել ՀՀԿ-ի լավ կողմերը և բացթողումները:
«Շնորհակալ եմ կոմպլիմենտի համար, բայց խնդրում եմ ինձ այլևս որակումներ չտալ, ես ընդամենը հարցեր եմ տալիս»,-պատասխանեց Ռուբեն Ռուբինյանը:
Վահե Հակոբյանը նկատեց, որ Ռուբինյանն իրավունք չունի արձագանքել, քանի որ սպառել է «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված արձագանքելու իրավունքը:
Հարակից հրապարակումներ`
- Ձեր բոլոր բարեփոխումների մեկնարկը սկսվում է մեկ կետից՝ ամրապնդել ձեր իշխանությունը. Իշխան Սաղաթելյան
- Պարզ ասեմ՝ ձեզ մեղադրում ենք մեր երկիր պատերազմ բերելու մեջ. Գեղամ Նազարյանը՝ իշխանություններին