Կամ պետք է քննենք 44-օրյա պատերազմի պատճառները, կամ պետք է դուրս գամ այստեղից. Սեյրան Օհանյան
«Կամ մենք պետք է քննենք 44 օրյա պատերազմի հիմնական պատճառները, կամ էլ ես՝ որպես պատգամավոր, դուրս պետք է գամ այստեղից բանակի հետ կապված հարցերի պատճառով»,-խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և պնդեց, որ պետք է պատերազմի իրական գնահատականները տրվի և պետք չէ հիվանդագին ընդունել դրանք, քանի որ բոլորն էլ այդ թերություններն ունեն և դրա տերն են:
Պատգամավորը հայտնեց, որ յուրաքանչյուր երկրի տնտեսությունը ռազմական ներուժի առաջին բաղկացուցիչ մասն է, և որքան զարգացած է տնտեսությունն, այնքան զարգացած է անվտանգության միջավայրը:
Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ երբ իշխանությունը խոսում է բանակի բյուջեի աննախադեպ փոփոխության մասին, ապա ինքը պետք է ասի, որ այդ փոփոխությունները հիմնականում ռազմական կարողություններին չեն ուղղվել և այնքան էլ շատ չեն եղել:
Նրա խոսքով, այդ փոփոխությունների մեծ մասը սննդի առումով են իրականացվել, որի ծրագրերը մշակվել է դեռ իր պաշտոնավարման ժամանակ, բայց հնարավորություն չի եղել իրականացնել:
Սեյրան Օհանյանը նկատեց, որ այսօրվա ռազմական բյուջեի մեջ մտցվել են միջպետական վարկերը, այն դեպքում, երբ իր պաշտոնավարման ժամանակ բանակին տրված 200 +20 մլն ԱՄՆ դոլար վարկը բյուջեում չի երևացել:
«Բանակը բոլոր նախարարների ժամանակ զարգացել է և ունեցել է թերություններ, ես չեմ խորշում խոսել այդ թերություններից և բանակում ծառայելու ժամանակ միշտ ներկայացրել եմ և անհաշտ պայքար ենք ծավալել այդ ուղղությամբ»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը:
Նրա խոսքով, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ 2003-2006 թթ. առաջին ամենախոշոր ռազմատեխնիկական համագործակցության և մատակարարման պայանագիրն է կնքվել՝ երեք հատ S 300 է բերվել, երկու հատ անվճար Իլ 76, մեկն էլ գնվել է Սերժ Սարգսյանի ժամանակ:
«Իմ օրոք 1300 ինքնաթիռաչվերթ սպառազինություն ենք բերել, որոնց թվում կրկին երեք հատ S 300 հակաօդային հրթիռային կայան»,- հայտարարեց պաշտպանության նախկին նախարարը և հարցրեց, թե ինչո՞ւ սպառազինության ծրագիրը փոխվեց և 2018 թվականից հետո նախատեսված ԱԹՍ-ները ձեռք չբերվեցին:
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հայտնեց, որ հարց է տվել Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանին, թե իր ղեկավարած հանձնաժողովն ինչ է արել սահմանի իրավիճակը ուսումնասիրելու համար, իսկ վերջինս իր ելույթում պատասխանելու փոխարեն իրեն հիշեցնում է, որ ինքը ծառայել է խորհրդային 366 մոտոհրաձգային գնդում, վաշտի հրամանատար էր, որը մասնակցել է «Կոլցո» օպերացիային:
Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Անդրանիկ Քոչարյանի ասածն իրականության չի համապատասխանում և անթուլատրելի մոտեցում է այդ գնդի ներայացուցիչների հանդեպ, որոնք տարիներ ի վեր գտնվել են Արցախում, կիսել արցախցիների դժվարությունները և հեռանալով՝ Արցախին թողել են ամեն ինչ:
«Ես վաշտի հրամանատար չեմ եղել, այլ գումարտակի և միայն իմ ստորաբաժանումից, գաղտնիք չէ, 33-ից ավելի հետևակի մարտական մեքենա են թողել և խոսել այդ անձնակազմի մասին, որ նրանք մասնակցել են «Կոլցո» օպերացիային՝ գտնում եմ, որ ճիշտ չէ»,- ասաց Օհանյանը:
Նա հայտնեց, որ իրականությանը չի համապատասխանում նաև Անդրանիկ Քոչարյանի այն պնդումը, թե Մարտի 1-ին Երևանում նոր կայազոր է ձևավորվել և բացատրեց, որ ՀՀ քաղաքների կայազորները միշտ եղել են ՊՆ կառուցվածքի մեջ:
Անդրադառնալով իր որդու վերաբերյալ հնչած ելույթներին՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Իմ որդին ընտրել է զինվորականի մասնագիտությունը և պատերազմի ժամանակ վիրավորվել է, ես հպարտանում եմ և գլխով պատասխան եմ տալիս, որ ինքը վիրավորվել է մարտական գործողությունների ժամանակ, իսկ այն շահարկումները, որ նա ինքնախեղում է իրականացրել, իրականությանը չեն համապատասխանում և բարոյականից զուրկ արտահայտություններ են»:
Հարակից հրապարակումներ`
- Ձեր ելույթները հիշեցնում էին առաջին կուրսի ուսանողի կուրսայինների ներկայացումը. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին
- Հուլիսին մեկ աղբյուրից գնման սկզբունքով Սյունիքում երեք ընկերությունների բաշխվել է 6 մլրդ դրամ. Վահե Հակոբյան
- Այվազովսկու և Սարյանի նկարներն իմ կնոջ օժիտն է. Վահե Հակոբյան
- Հայտարարագրերիցս դուրս ինչ որ գտնեք՝ ձերն է. Վահե Հակոբյանը իշխանության ներկայացուցիչներին