Կլիմայի փոփոխության դրամատիկ հետևանքները
Աշխարհի բոլոր ծայրերում կլիմայի փոփոխությունը դառնում է առավել նկատելի և երբեմն հանգեցնում դրամատիկ հետևանքների։ Այս մասին գրում է «dw.com»-ը,վկայակոչելով ՄԱԿ-ին առընթեր կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի նոր զեկույցը,որը հրապարակվել է երկուշաբթի օրը՝ օգոստոսի 9-ին, Ժնևում։
Զեկույցի պատրաստմանը մասնակցել են 66 երկրների 230 գիտնականներ։
Համաձայն այդ զեկույցի՝ 1970 թվականից սկսած երկրի մակերևույթին միջին ջերմաստիճանը զգալիորեն ավելի արագ է բարձրացել, քան վերջին 2000 տարվա ցանկացած համադրելի ժամանակաշրջանում։ Այսպես, 2011-2020 թվականներին այն մոտ 1,1 աստիճան Ցելսիուսով գերազանցել է 1850-1900 թվականների միջին ջերմաստիճանի ցուցանիշներին։ Կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցները հաջողություն են ունեցել միայն կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։
Փաստաթղթում նշվում է, որ նույնիսկ մարդու գործունեության արդյունքում ջերմոցային գազերի արտանետումների զգալի կրճատումը գլոբալ ջերմաստիճանը կայունացնում է միայն 20-30 տարի հետո:
ՄԱԿ-ին առընթեր կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի վարկածով՝ Եվրոպայում, օրինակ, դա կհանգեցնի արտակարգ շոգի, երաշտի և հորդառատ անձրևների հաճախակիացման։ Քաղաքներն ավելի ու ավելի հաճախ են դառնում բարձր ջերմաստիճանի գոտիներ՝ վերածվելով, այսպես կոչված, «տապի կղզիների»։
Հարավային Աֆրիկայի և Միջերկրական ծովի շրջաննները, որոնք բավականին չոր են և տաք, ավելի կտուժեն երաշտներից և տապից։ Մյուս կողմից, կա հավանականություն, որ Արկտիկան արդեն մինչև 2050 թվականը փաստացի կարող է ազատվել սառույցից։Համենայն դեպս, տարվա մեջ մեկ անգամ՝ սեպտեմբերին։
Փորձագետները կանխատեսում են համաշխարհային օվկիանոսի մակարդակի անխուսափելի բարձրացում, ինչը բնականաբար կհանգեցնի մասշտաբային ջրհեղեղների։ Փաստաթղթում նշվում է, որ «այն, ինչ նախկինում կոչվում էր «դարի ջրհեղեղ», 80 տարի անց կարող է դառնալ ամենամյա երևույթ»։
2015 թվականին ՄԱԿ-ի շրջանակներում ընդունվել էր Կլիմայի հարցերով Փարիզի համաձայնագիրը, որտեղ կարևորվում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման հանգամանքը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան