«Ժողովուրդ». Փոխնախարարների պաշտոն կստանա կոռուպցիոն սկանդալներով հայտնի Սամվել Խարազյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախարարներին նշանակելուց հետո պետական համակարգում սկսվել է փոխնախարարների փնտրտուքը։ Եղածներից ոմանք կպահպանեն իրենց պաշտոնները, բայց նոր անուններ նույնպես շրջանառվում են, չնայած որ գործող իշխանության համար այդքան էլ հեշտ չէ իրենց շարքերից պրոֆեսիոնալներ գտնելը։
Դա է պատճառը, որ նրանք երբեմն դիմում են «լավ մոռացված հինը» տարբերակին։ Օրինակ՝ առողջապահության համակարգից մեզ հասած տեղեկություններով՝ որպես առողջապահության փոխնախարար շրջանառվում է ոմն Սամվել Խարազյանի անունը, որը «նախկինների օրոք» երկար տարիներ աշխատել է կոռուպցիոն սկանդալներով հայտնի Պետական առողջապահական գործակալությունում՝ որպես բաժնի պետ, և որ ամենաուշագրավն է, ՊԱԳ այդ ժամանակվա պետ Սարո Ծատուրյանի հետ անգամ հասցրել է ձերբակալվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով (այդ թեմային «Ժողովուրդը» մի քանի անգամ անդրադարձել է)։
Հիշեցնենք, որ երկար տարիներ ՊԱԳ-ում էր աշխատել Արսեն Թորոսյանի կողմից փոխնախարար նշանակված Արսեն Դավթյանը, որը վերջերս դատապարտվեց 7 տարվա ազատազրկման՝ առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու համար։
Վերջին շրջանում Սամվել Խարազյանն ու Սարո Ծատուրյանը հաջողացրել էին ներգրավվել առողջության պարտադիր ապահովագրության հայեցակարգի մշակման գործընթացներում՝ որպես միջազգային փորձագետներ, և ոլորտում հենց սրանով են բացատրում Սամվել Խարազյանի թեկնածության քննարկումը։
Եթե ընտրությունը, այնուամենայնիվ, կանգնի սույն անձի վրա, ապա հնարավոր է պատկերացնել կադրային սովի աստիճանը, երբ հեղափոխական իշխանությունների միակ հույսը մնացել են «նախկիններից» մնացած, բայց ոչ թե իրական պրոֆեսիոնալ, այլ կոռումպացված կադրերը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան