Անտալ Դորատիի անվան մրցույթի հաղթողը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ
Միջազգային հեղինակավոր Անտալ Դորատիի անվան դիրիժորական մրցույթի հաղթողը, դրամական պարգևից բացի, այլ մրցանակների շարքում 2022-2023 համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես գալու հնարավորություն կստանա։
Սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ հունգարական արմատներ ունեցող դիրիժոր և կոմպոզիտոր Անտալ Դորատիի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի նպաստելու զարգացող նվագախմբերի դիրիժորների կարիերայի առաջընթացին։ Ըստ կանոնակարգի՝ մրցույթին հնարավորություն ունեն մասնակցելու դիրիժորներ առանց տարիքային սահմանափակման։ Մրցույթը կանցկացվի Բուդապեշտում սեպտեմբերի 4-ից մինչև սեպտեմբերի 11-ը։ Մրցույթին մասնակցության իրավունք են ստացել 66 դիրիժորներ աշխարհի տարբեր ծայրերից՝ ԱՄՆ, Ճապոնիա, Չինաստան, Հարավային Կորեա, ՌԴ, Վենեսուելա, Հունաստան, Իսպանիա, Միացյալ Թագավորություն, Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա, Ավտրալիա և այլն։
Մրցույթի ժյուրիի կազմում, ի թիվս մեծ ճանաչում ունեցող երաժիշտների, ընդգրկված է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Ժյուրիի կազմում են նաև Սևիլիայի թագավորական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և Կիոտոյի սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ գլխավոր դիրիժոր Ջոն Աքսելրոդը (John Axelrod), Լեհաստանի ռադիոյի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Աննա Դազմալ Մրոզը (Anna Duczmal Mroz), Բուդապեշտի MAV սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր տնօրեն Գեորգի Լենդվայը (György Lendvai), Էրֆուրտի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Էրֆուրտի օպերայի գլխավոր երաժշտական տնօրեն Մայրոն Միքայլիդիսը (Myron Michailidis) և այլք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան