Պարզ ասեմ՝ ձեզ մեղադրում ենք մեր երկիր պատերազմ բերելու մեջ. Գեղամ Նազարյանը՝ իշխանություններին
«Գլխավոր խնդիրը, որը պետք է պարզի 44-օրյա պատերազմի խնդիրներով զբաղվող քննիչ հանձնաժողովը, հարցն է, թե ինչու մենք չկանխեցինք պատերազմը, ի՞նչ պետք է անեինք պատերազմը կանխելու համար և ինչո՞ւ էինք ամեն ինչ անում մեր երկիր պատերազմ բերելու համար՝ անելով մի շարք գործողություններ, քայլեր»,- խորհրդարանում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Իշխանական պատգամավորներին հիշեցնելով, որ քննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հարցը՝ պատգամավորը հայտնեց, որ իր պատկերացմամբ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովը պատերազմից շատ առաջ պետք է լսեր ԳՇ պետին, մյուս զինվորականներին՝ հասկանալու համար, թե իրերի և ուժերի հարաբերակցությունն ինչպիսին է, և փորձեր քաղաքական ղեկավարությանը հուշել, թե ինչ պետք է արվեր, որ այդ վիճակից դուրս գային:
Գեղամ Նազարյանի կարծիքով ԱԺ պաշտպանության հանձնաժողովը պետք է դեռ 2020 թվականի մայիսից տագնապ բարձրացներ թե բայրաքթարների դեմ ի՞նչ պետք է արվի:
«Հատկապես հուլիսյան մարտերից հետո մենք պետք է հասկանայինք, թե մեզ ինչ է սպասվում, այլ ոչ թե քաղաքական շոուների համար մեդալաբաժանութամբ զբաղվեինք»,-նկատեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և հավելեց. «Պատերազմի 4-րդ օրը պետք է ավելի ուշադիր լսեինք, թե ի՞նչ էին ասում զինվորականները և Բաքուն ու Գետաշենը գրավելու մասին առասպելները տարածելու ֆոնին փորձեիք մտածել, թե ինչ պետք է անել, որ պատերազմն օր առաջ դադարեցվի և հասկանայինք, թե ինչու երկրի ղեկավարը ոչինչ չի անում, չի ուզում անել պատերազմը դադարեցնելու ամար»:
Նրա խոսքով, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովը պետք է երկրի քաղաքական ղեկավարից հոկտեմբերի 19-20-ից հետո ճշտեր, թե ինչո՞ւ չի դադարեցնում պատերազմը, առավել ևս ՌԴ տարածած հայտարարության ֆոնին, որը տարակուսած էր, թե ինչու Հայաստանը չհամաձայնեց իր առաջարկության հետ և չդադարեցրեց պատերազմը:
«Պարզեր, թե ինչո՞ւ հոկտեմբերի 19-ից հետո չդադարեցվեց պատերազմը, որից հետո կորցնում էինք տարածքներ, բնակավայրեր, եկեղեցիներ և ամեն օր՝ առնվազն 200 տղա»,-ասաց պատգամավորը:
Գեղամ նազարյանը գտնում է, որ ԱԺ հանձնաժողովը պետք է նախաձեռնի և օր առաջ հրապարակվի զոհերի իրական թիվը:
Նա նաև հայտնեց, որ Եռաբլուրում հուղարկավորված տղաների հարազատների համար շատ լուրջ թեմա է տապանաքարերի հարցը և հերթական անգամ նրանց վերքը թարմացնում են և կոչ արեց ընդամենը կանչել զոհվածների հարազատների ներկայացուցիչներին և նրանց տապանաքարերի հարցը ողբերգության չվերածել, որովհետև այդ ընտանիքներում իրական ողբերգություն է, որովհետև ինչ որ մեկը որշել է այս կամ այն քարը դնել:
Նազարյանը առաջարկեց դադարեցնել բանակին ուղղված բոլոր մեղադրանքները, քանի որ այն հաղթել է արցախյան առաջին պատերազմում, ապրիլյան պատերազմում այնպիսի հակահարված են տվել թշնամուն, որ նա աղերսել է խաղաղություն, իսկ 44-օրյա պատերազմում զինվորները հրամանատարների հետ կռվել են աշխարհի հզոր բանակների դեմ:
«Աշխարհի ամենալուրջ ծառայությունների հետախուզությունների հավաքական թվերի մասին եմ խոսում, մեր տղերքը թշնամուն 18-20 հազար զոհ են պատճառել, այ այդ բանակն է, որին պետք է հարգանքով վերաբերվել»,-հայտարարեց պատգամավորը:
«Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց, թե ընդդիմությանը հարցնում են, թե մեզ ինչի մեջ եք մեղադրում, և պատասխանեց. «Պարզ ասեմ՝ ձեզ մեղադրում ենք մեր երկիր պատերազմ բերելու մեջ, չենք ասում, թե ինչու պարտվեցինք, այլ ասում ենք, թե ինչու սկսվեց պատերազմը, ինչու այն չկանխեցինք»:
Հարակից հրապարակումներ`
- Ունեցե՞լ եք երաշխիք, որ ապրիլյան հանձնաժողովի անդամներից հույժ գաղտնի տեղեկության արտահոսք տեղի չի ունենալու.Ղազինյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
- Եռաբլուրում սպառնում են արտաշիրիմումով
- Սև քարեր Լուսավորներին