Ինչ օր է նոյեմբերի 9-ը
«Դուք մի հարցում անգերազանցելի եք, միջազգային դափնեկիր, կարողանում եք 100%-անոց փաստը և ճշմարտությունը 180 աստիճանի տակ փոխել և ներկայացնել: Եվ դժբախտություն է, որ դեռ կան մարդիկ, որոնք դրան հավատում են»,-խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտնեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը իշխանականներին:
Նրա համոզմամբ խնդիրն նաև այն է, որ ՔՊ-ն այդպես էլ իշխանություն չդարձավ՝ շարունակելով իրեն պահել անպատասխանատու և ընդդիմության նման:
«Կա աշխարհում մի երկիր, որի իշխանությունը իր բոլոր ձախողումների համար մեղադրում է ընդդիմությանը»,-հարց տվեց Սաղաթելյանը և պնդեց, որ չկա նման բան, այն աբսուրդ է:
Ըստ Սաղաթելյանի, ընդդիմությունն ասում է, որ գործող իշխանության օրոք հանձնվել է Արցախի 75%-ը, իսկ իշխանությունները գալիս են ԱԺ ամբիոնի մոտ և ասում են, որ այն նախկիններն են արել, իրենք կապ չունեն:
«Մենք ասում ենք՝ թշնամին երկու ուղղություններով մտել է ՀՀ ինքնիշխան տարածք և վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, գալիս կանգնում եք ԱԺ ամբիոնի մոտ և ասում եք՝ դուք 2010 թվականի վարչատարածքային բաժանումների մասին օրենքով այդ տարածքները տվել եք Ադրբեջանին, բա եղավ, ինչքան կարելի է մարդկանց ձեռք առնել»,-ասաց Սաղաթելյանը::
Նա հայտարարեց, որ ընդդիմությունը խոսում է բանակի բարեփոխումներից, երկրի առաջ ծառացած խնդիրներից, մարտահրավերներից, իսկ իշխանությունները խոսում են մարտի 1-ից և հոկտեմբերի 27-ից:
«22 տարի առաջ այս դահլիճում տեղի է ունեցել ողբերգություն և հետաքրքիր զուգատիպությամբ շատ պաշտոնյաներ, որոնք այն ժամանակ պաշտոնի էին, այսօր էլ են պաշտոնյա՝ Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վաղարշակ Հարությունյանը»,-նկատեց ԱԺ նախագահի տեղակալը և շեշտեց, որ այն ժամանակ էլ և այսօր՝ արդեն երեք տարի իրենք իշխանության են և պետք է բացահայտեին հոկտեմբերի 27-ը և մարտի 1-ը:
«Կա՞ ձեզանից որևէ մեկը, որ կարող է գա այս ամբիոնի մոտ կանգնի, պատասխանատու կերպով մեզանից որևէ մեկին մեղադրի «հոկտեմբերի 27»-ի կամ «մարտի 1»-ի համար: Օդի մեջ չէ, օդի մեջ արդեն 20 տարի է ասում եք, այլ՝ փաստերով»,- խորհրդարանական մեծամասնությանը դիմեց Իշխան Սաղաթելյանը և հավելեց, որ նման բան ասողը պետք է կարողանա նաև իր ասածի տակից դուրս գա:
Փոխխոսնակը նաև հայտնեց, թե իշխանություններից ցանկանում են ճշտել, թե ինչի՞ վերաբերյալ են բանակցում, իսկ վերջիններս հորդորում են չանհանգստանան, քանի որ ժողովրդի թիկունքում փաստաթուղթ չի ստորագրվի և հավելեց, որ չի հավատում, քանի որ մեկ անգամ արդեն գաղտնի ողբերգական փաստաթուղթ է ստորագրվել:
Անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլացիա չհամարելու մասին նախորդ նիստում արած կոչին՝ Սաղաթելյանն ասաց. «Նոյեմբերի 9-ը Արարատ Միրզոյանի վրա հարձակման օրը չէ, այն հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական օրերից մեկն է: Փաստաթղթով թշնամուն եք տվել 107 դպրող, 23 մանկապարտեզ, 6 քաղաք, 187 գյուղ, 9400 ընտանիք և 38 հազար քաղաքացի մնացել է անտուն»:
Հարակից հրապարակումներ`
- Ձեր բոլոր բարեփոխումների մեկնարկը սկսվում է մեկ կետից՝ ամրապնդել ձեր իշխանությունը. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին