Այվազովսկու և Սարյանի նկարներն իմ կնոջ օժիտն է. Վահե Հակոբյան
«Ձեր հայտարարագրում դուք նշել եք երկու նկար՝ Հովհաննես Այվազովսկու և Սարյանի: Շատ ողջունելի է գեղարվեստի նկատմամբ Ձեր սերը, մի փոքր կպատմե՞ք այդ նկարների մասին, ստեղծագործական ո՞ր ժամանակահատվածի գործեր են, ե՞րբ եք ձեռք բերել, արդյո՞ք կանխել եք դրանց արտահանումը Հայաստանից, թե՞ ներկրել եք, որպեսզի հայկական մշակութային ժառանգությունը պահպանվի»,-տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ «Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Հակոբյանին խորհրդարանում հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Վահե Հակոբյանը հայտնեց՝ շատ ուրախ է, որ իր ունեցվածքի վերաբերյալ իշխանական պատգամավորներն այդպիսի հետաքրքրություն են ցուցաբերում:
«Դա իմ կնոջ սեփականությունն է եղել, որը ստացել է ժառանգություն»,- հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և տեղեկացրեց, որ Այվազովսկու փոքր՝ 25/30 սմ չափերով նկարը կոչվում է «Փոթորիկ» և մեծ արժեք չունի:
Նա նաև հայտնեց, որ նույնը Սարյանի նկարն է, որոնք Հայաստանում են և իր կնոջ օժիտն են:
«Վատ օժիտ չէ, պարոն Հակոբյան: Քանի որ ես թանգարաններ այցելելու սեր ունեմ, չե՞ք մտածում, որ արվեստը ժողովրդին է պատկանում և երբևէ ձեր կնոջ հետ մտածե՞լ եք այդ նկարները Հայաստանի Ազգային պատկերասրահին հանձնելու մասին, որպեսզի ոչ միայն դուք, այլև սովորական քաղաքացիները, մշակույթը գնահատողները, կարողանային ծանոթանալ այդ ստեղծագործությունների հետ»,- հարցրեց Վլադիմիր Վարդանյանը:
Վահե Հակոբյանը պատասխանեց, որ մտածել են այդ մասին, բայց որոշել են առայժմ զերծ մնալ նման քայլից:
Հարակից հրապարակումներ`
- Հայտարարագրերիցս դուրս ինչ որ գտնեք՝ ձերն է. Վահե Հակոբյանը իշխանության ներկայացուցիչներին
- Մանիպուլյացիայի մեծագույն վարպետ եք՝ Վահե Հակոբյանը Ռուբեն Ռուբինյանին