«Ժողովուրդ». Կոշտ ընդունելությունից հետո ՀԱՊԿ քարտուղարը փորձեց որոշ հայտարարություններ անել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայ-ադրբեջանական սահմանային բախումները սպառնալիք են ոչ միայն Հայաստանի, այլև ողջ ՀԱՊԿ-ի համար։ Երեկ լրագրողների հետ զրույցում նման կոշտ հայտարարությամբ է հանդես եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ միևնույն ժամանակ խուսափելով նաև հասցեական մեղադրել Ադրբեջանին մայիսի 12-ից սկսած Հայաստանի սահմանը խախտելու և տարածքը գնդակոծելու համար։
Նկատենք՝ այդ օրվանից մինչ օրս հասցեական հայտարարություն Զասի կողմից այդպես էլ չէր հնչել, և կառույցը փաստացի անգործություն դրսևորեց՝ խուսափելով անգամ քննադատական հայտարարություն ընդունել Ադրբեջանի հասցեին։ Եվ այս ֆոնին ուշագրավ է այն ընդունելությունը, որին նա արժանացավ Երևանում։
Մասնավորապես, նա հստակ քննադատության արժանացավ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի կողմից. «Մենք ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին: Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, ձեր այցը տեղի չունեցավ: Այսօր մեր սահմաններին ձևավորվել է կայուն ծանր իրավիճակ: Մայիս ամսին ադրբեջանական զինված ուժերը երկու ուղղությամբ ներխուժեցին հայկական տարածք:
Դա մեզ անչափ անհանգստացնում է: Մենք խաղաղության կողմնակից ենք: Մենք որևէ պարագայում չենք ուզում իրադրության լարում մեր սահմաններին: Միևնույն ժամանակ մենք պատրաստ չենք համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խախտմանը: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները», – նշել էր Կարապետյանը։
Այստեղ նաև ուշագրավ է այն հանգամանքը, որ վերջին օրերին՝ հուլիսի 27-ին Մոսկվա կատարած այցից հետո, Կարապետյանի հռետորաբանությունը սաստկացել է։ Ավելին, նա Զասի հետ հանդիպումից հետո կրկին շտապել է Մոսկվա։ Այնուամենայնիվ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որ օրեր առաջ սահմանափակվում էր չափազանց չեզոք որակումներով, արդեն փորձեց որոշ հայտարարություններ անել՝ գոնե ընդունելով, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը սպառնալիք են ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգությանը:
Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ևս ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ հայկական կողմը ամեն հարց համաձայնեցնում է ռուսական կողմի հետ։ «Տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ը փորձում է արձագանքել և սպասում է քաղաքական գործընթացի մեկնարկին։ Հասկանալի է, որ Հայաստանը փորձում է իր անվտանգության ամրապնդման գործում ներգրավել թե՛ Ռուսաստանին, թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ հնարավոր այլ երկրների։ Կարծում եմ` առաջիկայում այլ զարգացումներ ևս կարող են լինել»,- նկատեց նա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան