Մոռացաք երևի այս ամբիոնից ասել, որ այսօր Ջորջ Սորոսի ծննդյան օրն էլ է. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«2018 թ. ապրիլի 19-ի կառավարության առաջին նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հրաժարվել է պաշտոնաթող նախագահին օրենքով հասանելիք բնակարանից, դուք այն ժամանակ իշխանությունում չկայիք»,- Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ դիմելով խորհրդարանական մեծամասնությանը:
Նա նկատեց, որ մինչ այդ իր խոսքում ԱԺ փոխխոսնակ, ՔՊ անդամ Ռուբեն Ռուբինյանն այնպես է ներկայացրել, թե իրենք են իշխանության գալուց հետո պաշտոնաթող նախագահներին զրկել բնակարան ստանալու հնարավորությունից:
Արծվիկ Մինասյանը հարցրեց, թե օրենքի այդ դրույթը պե՞տք է ի վերջո կատարվի, թե ոչ:
Նա նաև հայտնեց, որ չգիտի թե Սերժ Սարգսյանին առանձնատունը հատկացված է, թե ոչ, քանի որ այն ժամանակ, երբ ինքը եղել է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության անդամ, այդ թեմայով եղել են բազմաթիվ խոսակցություններ:
«Ի վերջո, պետության պարտավորությունն է պաշտոնաթող նախագահին ապահովել անհրաժեշտ տարածքով, ընդորում, որդեգրած սկզբոնքը՝ համարժեքություն ապահովելն էր 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահների համար»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը և խորհուրդ տվեց ուսումնասիրել գործող իշխանությունների ժամանակ այդ խնդիրը կարգավորող օրենքի հետագա փոփոխությունները և տեսնել, թե ինչ նոր արտոնություններ են սահմանվել՝ արդեն վարչապետի համար՝ Բաղրամյան 26-ից օգտվելու ռեժիմից սկսած, վերջացրած այլ արտոնություններով և կտեսնեն, թե իրականում հանրային միջոցների օգտագործման տեսակետից ո՞րն է եղել ավելի խնայողական օգտագործում:
Ելույթի վերջում Արծվիկ Մինասյանն ասաց. «Ի դեպ, ինձ լրագորղները դահլիճ մտնելուց ասացին, որ ձեզ և բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են շահառու, փոխանցեմ, որ մոռացաք, երևի այս ամբիոնից ասել, որ այսօր Ջորջ Սորոսի ծննդյան օրն էլ է»:
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանությունների սոցիալ-տնտեսական քաղաքականությունը հակասոցիալական է. Արթուր Խաչատրյան
- Նազարյանը ՔՊ-ին առաջարկեց Տիգրանյանի թեկնածությունը հանել