Թագուհի Թովմասյանը մտադիր է այցելել կալանքի տակ պահվող սյունեցի պատգամավորներին
«Սյունիքի համայնքապետերը սկսեցին թիրախավորվել այն ժամանակ, երբ ընդդիմադիր կեցվածք դրսևորեցին ու սատարեցին «Հայաստան» դաշինքին»,-Աժ ամբիոնի մոտ ելույթ ունենալով՝ հայտարարեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ արձագանքելով սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ իրեն ուղղված հարցին։
Թովմասյանն ասաց՝ մինչ այդ սյունեցի համայնքապետերը չէին թիրախավորվել, հետևաբար այլ բան չեն կարող ենթադրել, քան այն, որ նրանք Հայաստանում քաղաքական հետապնդման են ենթարկվում։
Ասածը հիմնավորելու համար նա ընթերցեց «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքի հոդված 3-ի 2-րդ կետը, ապա պրոյեկտեց ՀՀ քաղաքացի հանդիսացող սյունեցիների վրա.
«Համաձայն սույն օրենքի` «քաղաքական հետապնդում» հասկացություն ասելով նկատի է առնվում օտարերկրյա քաղաքացու նկատմամբ այդ երկրի պետական մարմինների կամ վերջիններիս թողտվությամբ` այդ երկրի հասարակական-քաղաքական կազմակերպությունների կողմից իրականացվող ֆիզիկական, հոգեբանական կամ որևէ այլ ճնշումը, որն անհատապես ուղղված է այդ անձի քաղաքական համոզմունքների փոփոխմանը, այդ երկրի կամ այլ պետության պետական մարմինների կամ գործիչների գործողությունների դեմ այդ անձի արտահայտած հրապարակային քննադատական ելույթների կանխմանը, որոնք բացառապես առնչվում են ճնշման ենթարկվող անձի քաղաքական համոզմունքների և արտահայտած կարծիքների` միջազգային իրավունքի նորմերով հռչակված` մարդու իրավունքների և ազատությունների դրսևորման հետ»։
Թագուհի Թովմասյանը մտադիր է հանձնաժողովի նախագահ ընտրվելուց հետո այցելել անազատության մեջ գտնվող գործընկերներին, հույս հայտնեց իրեն միանալ ցանկացողներ շատ կլինեն։
«Մենք պարտավոր ենք հաշվի նստել ընտրողների կամքի հետ, մարդիկ ընտրել են մեր երկու գործընկերներին, և նրանց ընտրությունը պետք է մենք հարգենք»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Թովմասյանի կարծիքով, Մխիթար Զաքարյանի ու Արթուր Սարգսյանի կալանքի հարցով գլխավոր դատախազը պետք է մտներ խորհրդարան, իսկ իրենց գործընկերները հնարավորություն ունենային ԱԺ ամբիոնից իրենց խոսքն ասել, լսելի լինել, որից հետո փակ գաղտնի քվեարկության արդյունքում որոշվեր նրանց կալանքի հարցը։
«Հիմա ակնհայտորեն կիրառվում է տարբերակված մոտեցում»,-ասաց Թովմասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վարդևանյանը դատավորի զավեշտի մասին պատմեց ԱԺ-ում
- Աննա Գրիգորյան. Զարգացումներ են տեղի ունենում Կապանի քաղաքապետի շուրջ
- Մխիթար Զաքարյանի պաշտպանը հրապարակել է դատավորի հերթական «գլուխգործոցը»
- «Հայաստան» դաշինքի պատգամավորները նիստին մասնակցում են ազատազրկված համայնքապետերի լուսանկարներով շաիկներով
- Վարդևանյանը դիմել է դատախազություն Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին անհապաղ ազատ արձակելու հարցով