Քամին վնասել է «Զվարթնոց» արգելոց-թանգարանի տանիքը
Ուժեղ քամու հետևանքով երեկ վնասվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տանիքը։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից մանրամասնում են, որ քամին ամբողջությամբ պոկել է այն, վնասվել է նաև՝ արգելոց-թանգարանի նախասրահի տանիքի ապակեպատ հատվածը։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանի և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱկ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ուղեկցությամբ այսօր արգելոց-թանգարանի տարածքում են եղել նաև ԱԻ նախարարության աշխատակիցները։
Մասնագետների հետ անհրաժեշտ քննարկումներից հետո, ամենասեղմ ժամկետում, կվերացվեն վնասի հետևանքները, կնորոգվի արգելոց-թանգարանի տանիքը։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հայցում է այցելուների ներողամտությունը և տեղեկացնում, որ առաջիկա մի քանի օրը թանգարանը փակ լինի։ Այցելուները կարող են շրջել միայն հուշարձանի տարածքում։