«Ժողովուրդ». «Գլոբալ Սոլար Սիստեմ» ընկերությունն անհետացել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրու քաղաքապետարանի կողմից հայտարարված 1 մլն դոլար արժողությամբ մրցույթի հաղթող ճանաչված «Գլոբալ Սոլար Սիստեմ» ընկերությունն անհետացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների տանիքներին արևային համակարգերի տեղադրման համար հրատապ բաց մրցույթ է հայտարարվել, մասնակցել է 4 ընկերություն, հաղթող ճանաչվել մեկը՝ «Գլոբալ Սոլար Սիստեմ»-ը:
«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան մասնակից ընկերությունների մասին. պարզվում է, որ «Գլոբալ Սոլար Սիստեմ»-ը մրցույթին մասնակցելու համար դիմել է «Սմարթ Բիթ Քոնսալթինգ» միջնորդ կազմակերպությանը, որն էլ գնումների փաթեթը ներկայացրել է մրցույթին: Սակայն հիմա անհարմար վիճակ է ստեղծվել. մրցույթին հաղթած մասնակիցը պետք է պայմանագիր ներկայացնի պատվիրատուին 10 օրվա ընթացքում, բայց ընկերությունն անհետացել է. «Մենք նույնպես փնտրում ենք ու չենք կարողանում գտնել: Պայմանագիր կնքելու առաջարկը պետք է ուղարկենք քաղաքապետարան, զանգահարում ենք իրենց, բայց չենք կարողանում կապվել»,- «Ժողովուրդ» օրաթերթին միջնորդ ընկերությունից փոխանցեցին:
Ավելին, միջնորդ կազմակերպությանը կատարած ծառայության դիմաց «Գլոբալ Սոլար Սիստեմ» ընկերությունն անգամ չի վճարել: Բացի այս, 1 մլն դոլար արժողությամբ մրցույթի մյուս ուշագրավ նորությունը. «Տեղեկություններ են շրջանառվում, որ մրցույթին մասնակցել է նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն՝ Միսակ Բալասանյանին պատկանող ընկերությունը:
Խոսքը «Ռոստորգ»-ի մասին է: «Ռոստորգ»-ից Սահակ անունով քաղաքացին փոխանցեց, որ ինքը ժամանակին՝ մինչև «Ռոստորգ»-ի ստեղծումը, համագործակցել է կրտսեր Բալասանյանի հետ, այժմ՝ ոչ. «Ես ձեզ վստահեցնում եմ՝ իր բիզնեսը չէ: Երդվե՞մ, որ հավատաք»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան