Կրթական հաստատությունների ներկայացուցիչներին կառավարությունը կպարտադրի ամիսը 2 անգամ ՊՇՌ թեստ հանձնել. Անահիտ Ավանեսյան
«Կրթական հաստատությունների դասախոսական կազմը, հանրային սննդի օբյեկտների և մի շարք կազմակերպությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները պետք է ամսական երկու անգամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնեն, եթե, չունենալով հակացուցումներ, հրաժարվում են պատվաստվելուց»,- կառավարությունում կազմակերպված ճեպազրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հայտնելով կառավարության առաջիկա որոշման նախագծի մշակման մասին:
Նախարարը հայտնեց, որ գոյություն ունեն հստակ հակացուցումներ, որոնց դեպքում չի թույլատվվում, բայց մյուս հիվանդությունների առկայությունը ցուցում է պատվաստման համար:
Լրագրողների հարցին, թե արդյոք նման մոտեցումը չի ստիպում մարդկանց պատվաստվել, քանի որ ստիպված կլինեն ՊՇՌ թեստերի համար վճարել՝ Անահիտ Ավանեսյանը ասաց, որ համաճարակը անտեսանելի պատերազմ է, որը մեկ ու կես տարի է վարում են:
«Մենք խնդիր ունենք հանրային առողջապահական լուրջ մարտահրավերի հետ, ուստի անելու ենք ամեն ինչ, օրենքի շրջանակներում, որպեսզի քաղաքացիները պատվաստվեն, ինչը ամենագործուն միջոցն է պայքարելու Քովիդ-19-ի դեմ»,- ասաց նախարարը:
Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ ճամփորդել ցանկացողները ևս պետք է թեստ հանձնեն, և բոլորի համար սա արդեն սովորական պրակտիկա է դարձել: