Տիգրան Աբրահամյան. Որ խորքում գործընթացներ են տեղի ունենում՝ միանշանակ է
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որ անվտանգային հարցերով փորձագետ է, անդրադարձել է Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպման վերաբերյալ տարածած հաղորդագրությանն ու գրել.
«ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է օգնել Հայաստանին՝ ՀՀ զինված ուժերի արդիականացման և բարեփոխումների իրականացման համար։
Եթե ՀՀ իշխանությունն ընդունել է առաջարկը, ապա գոնե հիմնական գծերով պարզ է, թե ինչ մոդելով է վերակառուցվելու բանակը, ինչ սպառազինությամբ է համալրվելու և այլն։
Սրան զուգահեռ ունենք Նիկոլ Փաշինյանի առաջարկը ՌԴ-ին՝ ամբողջությամբ ապահովելու ՀՀ սահմանների պահպանությունը, ինչն իրավիճակային պատկերն ամբողջական է դառնում։
Տպավորություն ունեմ, որ Հայաստանը պատրաստվում է անվտանգության բլոկի կառավարման հսկիչ փաթեթը փոխանցել ՌԴ-ին։
Դեռ դժվար է ասել, թե սա միայն անվտանգային սպառնալիքների աճով է պայմանավորված, թե կան նաև այլ գործոններ, բայց այն, որ խորքում գործընթացներ են տեղի ունենում՝ միանշանակ է»։
ՊՆ հաղորդմամբ, երեկ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ավարտին, նվերների հանձնման արարողության ընթացքում, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, դաշույն նվիրելով, ասել է.
«Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ ՝ հայ-ռուսական բանակցությունների հիմնական օրակարգային հարցերի մասին
- Արշակ Կարապետյանին Շոյգուն հրավիրել է Մոսկվա