Արցախը հայաթափելու Ադրբեջանի փորձերը ձախողված են. Դավիթ Բաբայան
Ռազմաքաղաքական իրավիճակը Արցախում թեև մի կողմից շատ յուրահատուկ է, բայց ընդհանուր առմամբ հանգիստ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում գրանցված միջադեպերին և ադրբեջանական զինուժի ռազմական սադրանքներին:
Բաբայանը շեշտել է՝ էական չէ, թե ինչ զինատեսակներ է կիրառում ադրբեջանական զինուժը Արցախի դեմ, քանի որ հիմնական նպատակը նույնն է՝ հոգեբանականը և աշխարհաքաղաքականը, ոչ թե ռազմականը:
«Սա բազմաշերտ քաղաքականություն է: Նպատակը մեկն է՝ հայաթափել Արցախը: Իսկ եթե հայաթափվում է Արցախը՝ լրիվ այլ իրավիճակ է ստեղծվում ոչ միայն Անդրկովկասում, այլ նաև մի հսկայական տարածաշրջանում՝ Հյուսիսային Կովկաս, Մերձավոր Արևելք, Միջին Արևելք, Կենտրոնական Ասիա, Վոլգայի շրջաններ, Սև ծովի ավազան», - ասել է Արցախի ԱԳ նախարարը:
Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանը ռազմական և այլ միջոցներով փորձում է հոգեբանորեն ազդել Արցախի հայության վրա, վհատեցնել ժողովրդին, որպեսզի մարդիկ կտրեն իրենց հույսը և մտափոխվեն Արցախում ապրելու հեռանկարների վերաբերյալ, սակայն այդ փորձերը ձախողված են: Այս համատեքստում նա շեշտում է՝ Արցախում ապրելն արդեն իսկ առաքելություն է դարձել:
«Մենք պետք է շարունակենք ապրել այստեղ: Արցախում ապրելը արդեն իսկ, կարելի է ասել, ինչ-որ մի առաքելություն է, ոչ թե լոկ կենցաղային առօրյա: Հետևաբար պետք է հանգիստ վերաբերվենք այդ ամենին և շարունակենք մեր աշխատանքը, մեր ծառայությունը: Այդ փորձերն, իհարկե, չեն ազդում, բայց պետք է այնպես անենք, որ ավելի ամրապնդենք մարդկանց հույսն ու հավատը:
Դրա համար անհրաժեշտ է համապարփակ, միասնական մոտեցում, ճիշտ աշխարհաքաղաքականություն, ճիշտ ներքին քաղաքականություն պետք է վարենք, և այլն, և այլն», - բացատրել է Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ նախ և առաջ ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ դուրս գան սթրեսից: Երկրորդը՝ պետք է անսասան հավատք ունենան, համախմբած լինեն, և երրորդը՝ տեղ տան ինտելեկտին, պրոֆեսիոնալիզմին և հայրենասիրությանը:
«Խնդիրները շատ են, անելիքները շատ են, բայց՝ միանգամայն իրականանալի, այսինքն՝ կարող ենք պահել այն, ինչ ունենք», - հավելել է Արցախի ԱԳ նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ. Կեղծ հայտարարություններով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրիչ գործողությունների համար:
- Արցախի ԱԳՆ. Կոչ ենք անում մեր հայրենակիցներին չտրվել թշնամու սադրանքներին