Արարատի մի քանի գյուղեր արդեն երեք օր է՝ հոսանքազրկված են
Արարատի մարզի մի քանի գյուղեր արդեն երրորդ օրն է հոսանքազրկված են։
Panorama.am-ի խմբագրություն ահազանգած Մարմարաշենի բնակիչները պատմում են, օգոստոսի 11-ի երեկոյան ուժեղ քամու հետևանքով էլեկտրալարերը վնասվել են, ինչի պատճառով ամբողջ գյուղում լույս չկա։ Ավելին, մինչ այս պահը կտրված հոսանքալարերն ընկած են բնակիչների տան բակում։
1003 տնտեսություն ունեցող գյուղում ամռան շոգին մարդիկ մնացել են առանց սառնարան, ինչի հետևանքով չեն կարողանում մթերել իրենց կաթնամթերքը, գյուղի տարածքում գործող խանութներում մթերքի պահպանման խնդիրներ են առաջացել, բնակիչները զրկված են ինտերնետ կապից, չեն կարողանում դիտել հեռուստացույց, օգտագործել լվացքի մեքենա ու այլ տեխնիկա, որոնք աշխատում են էլեկտրաէներգիայով։
Բնակիչների խոսքով, իրենք ահազանգել են ՀԷՑ ընկերություն, աշխատակիցները եկել են հաջորդ օրը, գնահատել են իրավիճակը, բայց մինչ այսօր խնդիրը լուծված չէ։
Նույն իրավիճակն է Մարմարաշենի հարևան Ջրահովիտ ու Արևաբույր գյուղերում։
ՀէՑ ընկերության մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը Panorama.am-ին հայտնեց, որ փոթորկի հետևանքում տեղի է ունեցել մեծ վթար, հոսանքի մատակարարման վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են։