
Գագիկ Ջհանգիրյան. Մենք վերադառնում ենք հին համակարգին
Դատական դեպարտամենտի աշխատակազմը քաղաքացիական ծառայությունից անցում կկատարի դատական ծառայության: Այս մասին Արագածոտնի մարզում դատարանի նորանշանակ նախագահ Գոհարիկ Խաչատրյանին ներկայացնելիս հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։
«Մենք վերադառնում ենք հին համակարգին, որը ոչ միայն հնարավորություն կտա ավելի ճիշտ կազմակերպել մեր աշխատակազմերի աշխատանքները, այլ նաև կհանգեցնի դատարանների աշխատակազմերի աշխատավարձերի բարձրացմանը»,-նշել է Ջհանգիրյանը:
ԲԴԽ ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, աա, սակայն, սպասվող միակ փոփոխությունը չէ: Առաջիկայում կլուծվի նաև դատավորների աշխատավարձերի բարձրացման և թոշակի հարցը։
«Սոցիալական ապահովության հարցը կլուծենք և ոչ միայն դատավորների, այլ նաև քննչական և դատախազական մարմինների աշխատակիցների: Ավելին ասեմ՝ գիտեք, որ հիմա ՍԴ քննարկվում է Հակակոռուպցիոն դատարանի սահամանադրականության հարցը: Նախագծում նշված է այդ դատարանների դատավորների ավելի բարձր վարձատրության հարցը, որն էլ հենց վիճարկվում է: Ուզում եմ տեղեկացնել, որ աշնանը մենք կունենանք նախագիծ, որով դատավորների աշխատավարձերն էլ կբարձրանան: Եթե չհավասարվի Հակակոռոպցիոն դատարանի դատավորների աշխատավարձերին, ապա չնչին չափով ցածր կլինի»,- ասել է Ջհանգիրյանը: