«Փաստինֆո». Վահան Բադասյանի վերաբերյալ քրեական գործը կքննի դատավոր Ֆարխոյանը
Ազատամարտիկ Վահան Բադասյանի վերաբերյալ քրեական գործը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն՝ վկայակոչելով դատական-տեղեկատվական համակարգը։
Քրեական գործը դատարան մուտք է եղել հուլիսի 12-ին և նույն օրը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից մակագրվել Կարեն Ֆարխոյանին։
Աղբյուրը հիշեցնում է, որ հունվարի 28-ին ԱԱԾ-ն բերման է ենթարկել, ապա՝ ձերբակալել Վահան Բադասյանին՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում իր կողմից արված հայտարարությունների համար։ Վերջինս հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը կործանել է բանակը և նրան պետք է հեռացնեն ոչ միայն որպես պարտության խորհրդանիշ, այլև թշնամի․
«Հեռացնելու տարբեր ճանապարհներ կան ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։ Դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, թեկուզ զենքի ուժով։ Այո, ես գիտակցաբար սպառնալիքի կոչեր եմ անում, թող ԱԱԾ-ն ձերբակալի ինձ։ Ցանկացած մեկը պետք է ցանկանա թշնամուն ոչնչացնել։ Դա անհատները պետք է անեն։ Ես ինքս պատրաստ եմ դրան»,-ասել է Վահան Բադասյանը։
Բադասյանի հայտարարությունների հիման վրա հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Բադասյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։
ԱԱԾ քննիչը Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը բավարարվել է։ Հետագայում դատախազի որոշմամբ Բադասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է։
Հարակից հրապարակումներ`
- Համաձայն չե՞ք ինձ հետ, շարունակե՛ք ձեր գզվրտոցն ու պաթոսախեղդ աթոռակռիվը. Վահան Բադասյան
- Վահան Բադասյանը վերադառնում է Արցախ
- Դատախազը Վահան Բադասյանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացրել
- Վահան Բադասյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությանը՝ փետրվարի 15-ին
- Վահան Բադասյանին չեն կարող դատապարտել, քանի որ դատապարտված են հենց իրենք. Պավլիկ Մանուկյան
- Մեղսագրվող արարքը Վահան Բադասյանը չի կատարել. Պաշտպան