ԱԺ-ում թաքցնում են հնարավոր ամեն բան
Օգոստոսի 5-ին, երբ արգելվեց Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանի մուտքն ԱԺ, խմբագրությունը հարցեր ուղղեց ութերորդ գումարման ԱԺ-ում հսկիչ անցագրային կետերի թվի, դրանց տեղակայման վայրի մասին։
Հիշեցնենք, որ ԱԺ-ից խմբագրությանը հայտնել էին, որ իբր լուսանկարիչն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս «խախտել է «ԱԺ տարածքում և շենքում» գործող կանոնները հաստատելու մասին ԱԺ նախագահի որոշման հավելված 1-ի 2.8 կետը, ըստ որի արգելվում է պահպանվող օբյեկտի տարածքում, այդ թվում հսկիչ անցագրային կետերում պահպանության ծառայության աշխատակիցներին իրենց մասնագիտական գործունությունն իրականացնելիս ձայնագրելը, տեսանկարահանելը, լուսանկարելը»։
Քանի որ լուսանկարիչը ոչ Բաղրամյան պողոտայի, ոչ Դեմիրճյան փողոցի անցակետերում որևէ լուսանկարում չէր իրականացրել, ու ԶԼՄ-ներն էլ տեսանկարհանել ու լուսանկարել էին պահպանության ծառայության աշխատակիցների դեմքերը, Panorama.am-ն ԱԺ-ին հացեր ուղղեց հնարավոր նոր անցագրային կետերի ու դրանց տեղակայման վայրերի մասին, որպեսզի հետագայում այդ հատվածներում չլուսանկարի։
Ի պատասխան ԱԺ-ից ասացին. «ԱԺ տարածքի անցագրային կետերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»։
Ի դեպ, ԱԺ-ում անվտանգության աննախադեպ միջոցառումները հաշվի առնելով, հարց ուղղեցինք, թե քանի՞ աշխատակից է նիստերի օրերին ծառայություն իրականացնում ԱԺ-ում։ Այս հարցն էլ անպատասխան են թողել։
Ներկայացնում ենք ԱԺ աշխատակազմին ուղղված Panorama.am-ի հարցերն ու դրանց պատասխանները.
1. 8-րդ գումարման խորհրդարանի տարածքում քանի՞ հսկիչ անցագրային կետ կա։ ԱԺ նստավայրի տարածքի ու շենքի ո՞ր հատվածներում են տեղակայված դրանք։
2. 7-րդ գումարման ԱԺ-ում քանի՞ հսկիչ անցագրային կետ է եղել։ Ո՞ր տարածքներում էին տեղակայված դրանք։
3. Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանն օգոստոսի 4-ին ո՞ր հսկիչ անցագրային կետում է խախտել ԱԺ նախագահի որոշման պահանջները։
4. 8-րդ գումարման ԱԺ առաջին նստաշարջանի յուրաքաչյուր նիստի օր պահպանության ծառայության քանի՞ աշխատակից է ծառայությունն անցկացնում ԱԺ տարածքում և բակում։
5. Այն օրերին, երբ նիստեր չկան, Աժ տարածքում պահպանության ծառայություն իրականացնողները քանի՞սն են։
6. Ինչո՞վ են պայմանավորված նման թվով աշխատակիցների ներկայությունն ու ծառայությունն ԱԺ-ում։
7. Օգոստոսի 2-4-ը ծառայության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքներն ինչպիսի՞ն են։ Ի՞նչ վտանգավոր առարկաներ են հայտնաբերվել պատգամավորների մոտ։
8. ԱԺ տարածքում և շենքում լրագրողների գործունեության սահմանափակումներն ինչո՞վ են պայմանավորված։
9. Ինչո՞ւ նոր սահմանափակումների մասին իրազեկումներ չկան ԱԺ տարածքում և շենքում, ինչո՞ւ դրանք չեն ուղարկվել ԶԼՄ-ների խմբագրություններ։
Հիշեցնենք, որ լուսանկարչի մուտքի արգելքի պատճառ դարձած շարքում հրապարակված լուսանկարների մի մասն արված է ԱԺ բակում, որը երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն, պետք է բաց լիներ նույնիսկ քաղաքացիների համար, քաղաքացիները պետք է մտնեին ու շրջեին ԱԺ դարպասներից ներս գտնվող այգում։
Լուսանկարներից մի քանիսն էլ արված են ԱԺ միջանցքներում ու նիստերի դահլիճում, որտեղ պահպանության ծառայության աշխատակիցները, որ դեմքը թաքցնելու խնդիր ունեն փաստորեն, ուղիղ ու բաց դեմքով նայում են դահլիճ, որտեղից իրականացվում է ուղիղ հեռարձակում։
Հիշեցնենք, որ Panorama.am-ի մուտքը խորհրդարան արգելող ԱԺ որոշումն անհապաղ վերացնելու կոչով ու պահանջով հանդես են եկել լրագրողական կազմակերպությունները, Հայաստանի Ժուռնալիստների միությունը, որոշումը խնդրահարույց որակեց Մարդու իրավունքերի պաշտպան Արման Թաթոյանը, այն կամայական ու խոսքի ազատության սահմանփակման դեմ ուղղված քայլ որակեցին մամուլի, տեղեկատվության ազատության հարցերով փորձագետները, քննադատեցին ԶԼՄ բազմաթիվ ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ընթերցողներ, խնդիրը լուսաբանվեց բազմաթիվ լրատվամիջոցներում։
Ի դեպ, իրավաբաններն էլ պնդում են, որ գլխավոր դատախազությունը պետք է քրգործ հարուցի։ Մինչ այս պահը դատախազությունը քրեական գործ հարուցելու վերաբերյալ չի հայտնել։
Լիլիան Գալստյանի մուտքն ԱԺ արգելվեց օգոստոսի 4-ին լուսանկարների շարքի հրապարակումից հետո, որտեղ երևում են, թե ինչ թվով ու ինչպես են պահպանության ծառայության աշխատակիցները ծառայություն իրականացնում ԱԺ տարածքում ու շենքում։
Լուսանկարները լայնորեն տարածվեցին՝ ուղեկցվելով իշխանություններին ուղղված բազմաթիվ քննադատություններով։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն չի վերանայել Panorama.am-ի լուսանկարչի խորհրդարան մուտք գործելու արգելքը
- ԱԺ-ում դեռ չեն վերանայել Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան արգելելու որոշումը
- Սա խայտառակ երևույթ է հանրության կողմից տեղեկատվություն ստանալու ազատության սահմանափակման հարցում. Գեղամ Մանուկյանը՝ Panorama.am-ի ֆոտոլրագրողի մուտքն ԱԺ արգելելու մասին
- ՀԺՄ-ն դատապարտում է Panorama.am-ի լուսանկարչի մասնագիտական գործունեության դեմ ուղղված ԱԺ գործողությունները
- Անհապաղ վերականգնել «Panorama.am» լրատվական կայքի ֆոտոթղթակից Լիլիան Գալստյանի իրավունքը
- Արման Թաթոյան. Panorama.am-ի լուսանկարչի մուտքը ԱԺ արգելելը խնդրահարույց է
- Բորիս Նավասարդյան. Ակնհայտորեն հետապնդում են այն լրագրողներին, որոնք անցանկալի տեղեկություններ են փոխանցում խորհրդարանի անցուդարձի մասին
- Շուշան Դոյդոյան. Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան արգելելու որոշումը կամայական է
- Իրավաբանն արձագանքել է Panorama.am-ի լուսանկարչին ԱԺ մուտք գործելու արգելքին
- ԱԺ-ն արգելել է Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան