Ադրբեջանական ԶՈւ-ն այս գիշեր կրակոցներ են արձակել Սյունիքի Արավուս գյուղի ուղղությամբ. ՀՀ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Այսօր վաղ առավոտյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվել են ահազանգեր այն մասին, որ այս գիշեր ժամը 12-ից 01-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Սյունիքի մարզի Արավուս գյուղի ուղղությամբ:
Այս տեղեկությունները Մարդու իրավունքների պաշտպանին հաստատել են գյուղի բնակիչները և պնդել, որ նշանառու կրակոցներ են արձակվել նաև ՀՀ զինված ուժերի դիրքերի վրա:
Խոսքն Արավուս գյուղի այն հատվածի մասին է, որտեղ ադրբեջանական զինված ուժերը տեղակայված են քաղաքացիական տներից մի քանի հարյուր մետր հեռու:
Նրանց անմիջապես դիմաց են տեղակայված ՀՀ զինված ուժերը, որոնք կատարում են բնակիչների կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու գործառույթ:
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած փաստերի` ադրբեջանական կրակոցները դադարել են Տեղի համայնքային մարմինների, ՀՀ 1-ին բանակային կորպուսի և ՌԴ սահմանապահ ծառայության հրամանատարության ժամանումից հետո:
Արավուս գյուղի ուղղությամբ ադրբեջանական այս գիշերվա կրակոցները հանցավոր են, խաթարում են մարդկանց բնականոն, խաղաղ կյանքն ու անվտանգությունը:
Այս փաստերն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ինքնին ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին մարդկանց կյանքի իրավունքի է խախտում է: Նրանք խախտում են նաև մարդկանց սեփականության, ազատ տեղաշարժի և մյուս կենսական իրավունքները:
Ակնհայտ է, որ մարդկանց իրավունքները հնարավոր կլինի ապահովել միայն անվտանգության գոտու պայմաններում:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան»:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ աշխատակազմն արդեն Սյունիքում ստորաբաժանում ունի
- ՄԻՊ աշխատակազմը ստացել է ահազանգեր, որ ադրբեջանցիները Կութ գյուղի հատվածում հրաձգություն են սկսել. Թաթոյան