Այն, ինչ Աֆղանստանում է կատարվում, ուղղակիորեն մեզ հետ կապ ունի. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Աֆղանստանում Իսլամը հաղթեց Արևմտյան աշխարհայացքին
Այն, ինչ Աֆղանստանում է կատարվում, ուղղակիորեն մեզ հետ կապ ունի, սակայն դրա համար պետք է գնահատենք կատարվածի հիմնական հետեւանքը։
Կարճ գնահատականն այն է, որ Աֆղանստանում Արեւմուտքը պարտություն կրեց։ Այս պարտությունը կարելի է տարբեր տեսանկյուններից քննարկել, սակայն, իմ տեսակետով, այդ պարտության ամենանշանային եւ հետագայում մեծ հետեւանքներ ունեցող պատճառը մշակութաբանական է’ Արեւմտյան ժողովրդավարությունը պարտվեց Իսլամին։ Աֆղանցիներն ընտրեցին չադրաները ժողովրդավարության փոխարեն։ Իսկ աֆղանցիները, չնայած երկրի ցածր կրթական մակարդակին, ինտելեկտուալ ոլորտներում Արևմուտքում մեծ հաջողությունների են հասնում։ Ըստ էության Աֆղանստանում աշխարհայացքային պայքար էր ընթանում։
Ինչո՞ւ նման ընտրություն կատարեցին։
Իսլամական երկրներում արեւմտյան աշխարհայացքն ու մշակույթը չի կարողանում պատվաստվել, դա փաստ է, սակայն փաստ է նաեւ, որ Արեւմուտքի բազմամիլիոնանոց իսլամական համայնքները նույնպես նախընտրում են Իսլամի աշխարհայացքն ու արժեքները։ Սա է Արեւմուտքի հիմնական մարտահրավերը։
Արեւմուտքի ու Իսլամի հաջորդ ճակատը կարող է անցնել արդեն ոչ թե Աֆղանստանում, կամ Իրաքում, այլ արդեն Եվրոպայի քաղաքներում։
Ինչո՞ւ է արեւմտյան գրավիչ ու ռացիոնալ աշխարհայացքը պարտվում է Իսլամին, որը սահմանափակում է ազատություններն ու տանում միջնադար, իսկ ինչո՞ւ են եւրոպացի բազմաթիվ ինտելեկտուալներ ու համալսարանական պրոֆեսորների նախընտրում Իսլամը, քննարկման լուրջ թեմա է, որի մասին կխոսեմ հետագայում, հարմար առիթով, վիդեո ելույթի միջոցով։
Նույնը կարելի է ասել նաև Սովետական Միության մասին, Աֆղանստանում Սովետական Միության համար առաջին հերթին ոչ թե ռազմական, այլ գաղափարախոսական պարտություն էր։ Աֆղանցիները մերժեցին սոցիալիզմն, ինչպես հիմա մերժում են արևմտյան ժողովրդավարությունը։
Իսկ հիմա կարճ հարց տամ, ինչու Հռոմեական կայսրությունում, որը գիտական, փիլիսոփայական, գրական, տեխնոլոգիական բարձր ստանդարտներ էր ձևավորել, հաղթեց քրիստոնեությունը, որը նույնպես այն ժամանակ հետամնաց համայնք էր։ Պատճառները կարող է նույնը լինեն։
Հարակից հրապարակումներ`
- Աֆղանուհիները բողոքի ակցիա են իրականացնում Իրանում,ընդդեմ թալիբների
- Աֆղանստանի նոր իշխանությունների հարցում ՌԴ-ն չի շտապի