Հատուկ են դնում այդ տգետներին, հավատացեք. Հրաչ Բերբերյանը՝ նշանակված նախարարների մասին
«Սահմանափակ պատասխանատվությամբ պատգամավորներին խորհուրդ կտամ հենց այսօր վազեն Վարդենիս և տեսնեն, թե գյուղացին ինչ կորուստներ է կրել»,-ասուլիսում հայտարարեց «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով գյուղատնտեսության աննախադեպ աճի մասին իշխանական պատգամավորների հայտարարություններին:
Բանախոսը տեղեկացրեց, որ նախորդ օրը հավկիթի մեծության կարկուտ է տեղացել Վարդենիսում և իրենց հարշավարկներով 12-13 հազար հեկտար ցանքատարածություններ են վնասվել, չեն վնասվել միան Սոթքը և Մասրիկը:
Բերբերյանը կորուստ կրած Ֆերմերներին խորհուրդ տվեց սպասել մինչև հողը չորանա և մի հեկտարին 250 կգ ազոտական պարարտանյութ տալ, անպայման քիմիական խթանիչներ տան բույսի զարգացումը խթանելու համար և «Ռիդոմիլ» օգտագործեն, որը թույլ չի տա սնկային հիվանդությունները զարգանան:
Ըստ մասնագետի, ճիշտ աշխատելու դեպքում հնարավոր կլինի գոնե 30 %-ով կարտոֆիլի բերքը կփրկել:
«Ցավակցում եմ Վարդենիսի մեր ֆերմերներին, որ ունեն այսպիսի անտաղանդ կառավարությանը կից հակակարկտային ծառայությունը, որը տարածքային ծառայություն էլ չէ»,-ասաց Բերբերյանը:
Անդրադառնալով ՀՀ տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարարության հայտարարությանը, թե գտել են ջրամբարներում ջուր չլինելու պատճառ դարձած սխալները՝ Հրաչ Բերբերյանն ընդամենը խորհուրդ տվեց ընդունել, որ ջուրը վաճառել են ՀԷԿ-երին և այսօր հանրապետությունը ստիպված է լինելու 150-ից 200 հազար տոննա ցորեն ներկրել:
«Միայն Շիրակի մարզի տարածաշրջանում արհեստական երաշտի հետևանքով, երբ ջրամբարների ջուրը վաճառվել էր, գյուղացու բերքը 40 տոկոսով պակաս է եղել»,-հայտնեց ՀԿ նախագահը և բերեց նաև Վարդենիսի օրինակը:
Նա պնդեց, որ այս տարի աննախադեպ տեղումներ են եղել, Սևանի մակարդակը 10 սմ բարձրացել էր, բայց ջուր չկար, քանի որ մինչև ոռոգման սեզոնը ջուրը վաճառել էին ՀԷԿ-երին:
Բերբերյանը կոչ արեց անաչառորեն ուսումնասիրել խնդիրը, բայց և նկատեց, որ այն մարդը, որը ջրամբարների պատասխանատուն է, այսօր նշանակվել է նաև խնդիրն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ և հավելեց. «Ծիծաղելի է չէ՞, այն դեպքում, երբ այդ մարդուն այսօր պետք է տանեին դատեին»:
Բանախոսը հայտնեց, որ գյուղատնտեսության ոլորտում անտոկոս վարկերի բաժանումը շոու է և հանձնաժողովը պետք է ուսումնասիրի, թե ովքե՞ր են ստացել այդ վարկերըէ չբացառելով, որ դրանք փոխվարչապետերն են ստացել:
«Ժողովրդի մոտ խոսակցություն կա, որ մի տեղից անտոկոս վարկ են վերցնում, մյուս բանկում դեպոզիտ են դնում»,-շրջանառվող լուրերը ներկայացրեց ՀԿ նախագահը:
Նրա խոսքով, նախորդ տարի այս ժամանակահատվածում կարտոֆիլի մեծածախ գինը 90 դրամ է եղել, այսօր՝ 200 դրամ է ու էլի թանկանալու է, կաղամբը 50 դրամ էր, այսօր՝ 350-400 դրամ է, իսկ գազարը հասել է բանանի գնին:
«Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահի կարծիքով դրա պատճառն այն է եղել, որ գյուղացին չի կարողացել ցանքատարածությունները մշակել, իսկ իր ղեկավարած ՀԿ-ն նախորդ տարի հասցրել է վարունգի և գազարի անվճար սերմեր հատկացնել գյուղացիներին:
Նա հայտնեց, որ պատգամավորների հայտարարություն գյուղատնտեսության վիճակի շատ լավ լինելու մասին իրականությանը չի համապատասխանում, իսկ լոլիկի գները բարձր են, քանի որ մի քանի օլիգարխ ջերմոցներ ունեն և այսօր շուկայում դաշտի լոլիկի փոխարեն ջերմոցի լոլիկն է վաճառվում, ինչի պատճառով տոմատի մածուկի արտադրությունը փոշիացվել է:
Բերբերյանը կասկածում է, որ օլիգարխների ջերմոցներին աջակցելու համար էլ կառավարությունը լոլիկին վնասող մորմազգիների դեմ չի պայքարում:
Նկատելով որ ոլորտից անտեղյակին են դնում նախարար, այդ պատճառով էլ գյուղատնտեսության վիճակն այսպիսին է՝ Բերբերյանը շեշտեց. «Հատուկ են դնում այդ տգետներին, հավատացեք»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում