Փաստաբան Սիմոն Բաբայանն առաջադրվել է Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու
Փաստաբան Սիմոն Բաբայանը տեղեկացնում է, որ առաջադրվել է Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու։
«Այսօր առաջադրվել եմ որպես ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու:
2006 թվականից պատիվ ունեմ լինելու փաստաբանական համայնքի անդամ, 2009 թվականից հանդիսացել եմ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, իսկ 2014 թվականից ղեկավարում եմ ՀՀ փաստաբանական դպրոցը:
Շուրջ տասներկու տարիների ընթացքում անմիջական մասնակցություն եմ ունեցել մեր ինստիտուտի պահպանման և զարգացման բարդ գործընթացին: Ձեզ հետ միասին հաղթահարել ենք փաստաբանության առջև կանգնած բազում մարտահրավերներ և սպառնալիքներ:
Այսօր փաստաբանությունն ակտիվ զարգացման շրջափուլում է: Տարիների ընթացքում Հայաստանում ներդրվել է հանրային պաշտպանության առանձնահատուկ կառուցակարգը, հիմնադրվել է Փաստաբանական դպրոցը, ստեղծվել են փաստաբանական գործունեությանն աջակցող տարբեր ստորաբաժանումներ (փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով, արագ արձագանքման հանձնախումբ, գիտավերլուծական կենտրոն, ակումբ և այլն): Փաստաբանների պալատի ստորաբաժանումների մոդելները միջազգային գործընկերների կողմից դիտարկվել են որպես օրինակելի: Տարիների ընթացքում մեր համայնքում ձևավորվել են ինստիտուտն ամրապնդող ավանդույթներ, մենք ունեցանք մասնագիտության օր:
Հասարակությունն օր-օրի ընկալում է փաստաբանի առաքելությունը, նրա դերը իրավունքների պաշտպանության գործում: Հանդիսանալով իրավական պետության արդարադատության համակարգի անփոխարինելի բաղադրիչ՝ փաստաբանական ինստիտուտն ամրագրվել է նաև երկրի Սահմանադրությամբ:
Մեր ինստիտուտի առջև ծառացող մարտահրավերներն այսօր էլ քիչ չեն և դրանք անհրաժեշտ է հաղթահարել:
Առաջադրվելով որպես ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու՝ նպատակ ունեմ պահպանել ինստիտուտի նախորդ ժամանակահատվածի ձեռքբերումները և ձեզ հետ միասին զարգացնել այն»,- գրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան