«Ժողովուրդ». Վերջապես առողջապահության նախարարությունը սկսել է զբաղվել հոգեբուժարանների խնդիրներով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունը վերջապես սկսել է զբաղվել հոգեբուժական կազմակերպություններում տարիներով արմատացած խնդիրներով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը մտադիր է սահմանել հոգեբուժական կազմակերպությունում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կեցությանն անհրաժեշտ պայմանները:
Հիշեցնենք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մշտապես բարձրաձայնում է, որ հոգեբուժարաններում առկա է կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների, բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն, կան ոչ պատշաճ քանակի և միատեսակ սննդի տրամադրման խնդիրներ: Ընդ որում, այս խնդիրների մասին արդեն մի քանի տարի է, ինչ բարձրաձայնվում է, սակայն ԱՆ-ն միայն նոր է սկսել խնդրին արձագանքել. որոշման նախագիծը նոր է շրջանառության մեջ դրվել:
Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոգեբուժական կազմակերպությունը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին պետք է ապահովի սանիտարահիգիենիկ նորմերին և կանոններին համապատասխանող, բարեկարգ, կահավորված, սանհանգույցով և լոգասենյակով, եղանակային պայմանների համար անհրաժեշտ ջեռուցմամբ, օդափոխությամբ, խոնավությամբ, բնական և արհեստական լուսավորությամբ կեցության պայմաններով: Բացի այս, հիվանդասենյակները պետք է լինեն առանձնացված տղամարդկանց, կանանց և երեխաների համար: Ընդ որում, երեխաները պետք է բժշկական օգնությունը և սպասարկումը ստանան առանձնացված բաժանմունքում:
Ի դեպ, ըստ որոշման նախագծի՝ հոգեբուժական առողջության խնդիր ունեցող անձին պետք է հասանելի լինի խմելու, հոսող տաք և սառը ջուր: Անգամ պետք է շաբաթական առնվազն մեկ անգամ տրամադրվեն մաքուր հագուստ և անկողնային պարագաներ, իսկ տրվող սնունդը պետք է ունենա բավարար սննդարարություն, համ, հոտ, տեսք: Արդյոք այս որոշման նախագիծը իրականություն կդառնա, թե այն կմնա սևով սպիտակի վրա գրված, ցույց կտա ժամանակը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում