Անդրանիկ Թևանյան. Ալիևը Երևանի լուռ պահվածքը թերևս գնահատել է թուլության նշան ու անցել գրոհի
«Ոգևորվելով Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից՝ Ալիևը կոշտացրել է իր դիրքորոշումն այսպես կոչված խաղաղության պայմանագրի, սահմանազատման ու սահմանգծման հարցերում»,-ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ CNN Turk-ին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին։
Քաղաքագետ Թևանյանի համոզմամբ, Ալիևն այժմ խոսում է դեստրուկտիվ նախապայմանների լեզվով, Հայաստանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ պետք է ներառվի Լեռնային Ղարաբաղը, պահանջում է հայկական զորքերի զրոյացում Արցախում ու սպառնում նոր պատերազմով։
«Կոմունիկացիաների ապաշրջափակման մասին խոսելիս օգտագործում է Զանգեզուրի միջանցք ձևակերպումը։ Ալիևն այնքան հեռու է գնացել իր ցանկություններում, որ Մոսկվայից պահանջում է սեփական պարտության հետ համակերպված Հայաստանին զենք չմատակարարել։ Ադրբեջանի այս ագրեսիվ վարքագիծը չի բխում նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա ցավով փաստեց, որ պաշտոնական Երևանը չի արձագանքել Ալիևի հայտարարություններին, ինչը տարակուսելի է։
«Հուսանք, որ այս դեպքում լռությունը համաձայնության նշան չէ։ Ալիևը Երևանի լուռ պահվածքը թերևս գնահատել է թուլության նշան ու անցել գրոհի, ունենք զոհեր, գնդակոծվում են մեր բնակավայրերը։ Սա անթույլատրելի իրավիճակ է։ Մենք խաղաղության ենք ձգտում, բայց ոչ մեր արժանապատվության, անկախության ու ազատության գնով»,-ասաց Թևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» դաշինքն առաջարկում է սահմանի իրավիճակի վերաբերյալ ԱԺ քննարկում կազմակերպել
- ԱԺ նիստի մեկնարկին հարգեցին երեկ զոհված զինծառայողների հիշատակը
- Վահե Հովհաննիսյան. Ով և ինչպես կպատասխանի Ալիևին
- Ղազինյան. Ալիևին իշխանությունների նոր արձագանք չի լինելու
- Ալիև. Պարտության հետ համակերպվել է թե հայ ժողովուրդը, թե Հայաստանի ղեկավարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին