Կա հիմնավոր կասկած, որ ջրային ռեսուրսներն ուղղակի ճիշտ չեն կառավարվել. Արթուր Խաչատրյան
«Ես պատկերացնում եմ, թե կառավարությունն այս քննարկումը ինչ «սոուսի» ներքո է ներկայացնելու, թե բա՝ կառավարությունը ցանկանում է ձեր դարդին դարման անի, չորացած այգիներին վայրկյան առաջ ջուր մատակարարի, բայց այդ ընդդիմությունը փորձում է այն տապալի»,-Սևանից լրացուցիչ ջրառի օրինագծի խորհրդարանական քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Նա Ջրային կոմիտեի նախագահին խնդրեց բերել վիճակագրական տվյալներ վերջին տաս տարում տեղումների քանակի, կամ օդի ջերմաստիճանի վերաբերյալ, որպեսզի պատգամավորները կարողանան համեմատել ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության հետ, ըստ որի ջրամբարները լիքն են և գյուղատնտեսության համար 2021 թվականին խնդիր չի լինի:
«Հասկանանք, թե ջուր չի՞ եղել, թե՞ ջուրն ուղղակի սխալ է կառավարվել, ինչո՞ւ ոռոգման սեզոնը 10 օր շուտ է սկսվել և չմոռանանք, որ այն համընկել է արտահերթ ընտրությունների քարոզչական ժամանակահատվածի հետ»,- հարցրեց Արթուր Խաչատրյանը:
Պատգամավորը հայտարարեց, որ պետք է պարզել, թե տնտեսության մեջ ջրի պահանջարկն ինչքան է, ինչքան է ծախսվում նաև հիդրոէներգետիկայի համար:
Խաչատրյանի խոսքով, կշռադատված որոշում կայացնելու համար պատգամավորներին տեղեկություներ չի տրամադրվել, այլ ուղղակի ասվում է, որ օգոստոսի 1-ի դրությամբ կա ջրի պակասուրդ, բայց չի համեմատվում ոռոգման սեզոնի մեկնարկի հետ:
«Կա հիմնավոր կասկած, որ ջրային ռեսուրսներն ուղղակի ճիշտ չեն կառավարվել»,-հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորը:
Անդրադառնալով ջրամբարաշինության վերաբերյալ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի հայտարարությանը՝ պատգամավորը հատնեց, որ այն ներկայիս իշխանությունները չեն սկսել, այլ տարիների պատմություն է, և, երբ ինքը դեռ Շիրակի մարզպետի պաշտոնում էր, Կապսի ջրամբարի աշխարհագրական հետախուզումն էր իրականացվում:
Հարակից հրապարակումներ`
- Վերջին թունավորվողները մեր ջրային համակարգերից օգտվողները չեն եղել. Ջրային կոմիտեի նախագահ
- Արցախն երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Հայկ Մամիջանյան
- «Հայաստան» դաշինքն առաջարկում է սահմանի իրավիճակի վերաբերյալ ԱԺ քննարկում կազմակերպել
- ԱԺ նիստի մեկնարկին հարգեցին երեկ զոհված զինծառայողների հիշատակը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում