«Ժողովուրդ». Ինչու և ինչպես է Գագիկ Ծառուկյանի որդին ազատվել բանակում ծառայելուց
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հաջողվել է որդուն ազատել հայկական բանակում ծառայությունից: Թե ինչպես, փորձեցինք մանրամասներ իմանալ. պարզվում է՝ վերջերս լրացել է նրա որդու` Նվեր Ծառուկյանի՝ բանակից ազատվելու տարկետման ժամկետը: Ծառուկյաններին հաջողվել է հասնել նրան, որ ռուսական կողմի համաձայնությամբ Նվեր Ծառուկյանը պետք է ծառայի ռուսական զորամասում, որպեսզի հեշտ տուն գնա և ազատ ռեժիմ ունենա:
Պայմանավորվածությունը, սակայն, ինչ որ փուլում խաթարվում է, քանի որ ՀՀ ՊՆ զինկոմիսարիատում աշխատակիցներից մեկը պնդում է, որ Նվեր Ծառուկյանը բոլորի պես պետք է վիճակահանության մասնակցի և արկղից քաշի այն զորամասի համարը, որտեղ պետք է ծառայի: Ու այսպես, երբ Ծառուկյանները հասկանում են, որ այդպես հնարավոր է ՀՀ ՊՆ որևէ այլ զորամասում հայտնվի Նվեր Ծառուկյանը, գործի են դնում պահած տարբերակը:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ վիճակահանության մասակցելուց հրաժարվում է Ծառուկյանը և ՊՆ անձնակազմին ցույց է տալիս բժշկական փաստաթուղթ, ըստ որի՝ չի կարող ծառայել, պիտանի չէ ծառայության: Անմիջապես Նվեր Ծառուկյանին տանում են հիվանդանոց՝ գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» բկ՝ զննության: Այստեղ ոչ անհայտ մեթոդներով կամ առանց դրա հաջողվում է Ծառուկյաններին այնպիսի բժշկական ախտանիշով փաստաթուղթ ձեռք բերել, որ Նվեր Ծառուկյանին միանգամից ազատում են հայոց բանակում ծառայելուց 3 տարի ժամկետով։
Թե ինչ է գրված փաստաթղթում, չենք մանրամասնոմ՝ հարգելով մարդու անձնական, առողջական տվյալների գաղտնիությունը: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը տևական ժամանակ փորձում է այս հարցի մասով խոսել ԲՀԿ-ականների հետ, Ծառուկյանից մեկնաբանություն ստանալ, բայց նա ո՛չ խոսնակ ունի, ո՛չ էլ ԲՀԿ-ում մարդ կա, որը շփվում է լրագրողների հետ: Շաբաթներ շարունակ մեր փորձերը ապարդյուն անցան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան