ԱԺ-ն փակ քննարկում կկազմակերպի սահմանային իրավիճակի վերաբերյալ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ պայմանավորվել է խորհրդարանում քննարկում կազմակերպել սահմանային իրավիճակի վերաբերյալ:
«Պարոն Օհանյանի հետ զրույց ենք ունեցել, պայմանավորվել ենք, որ առավել նպատակահարմար է քննարկումը կազմակերպել վաղը՝ օգոստոսի 18-ին: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Վաղը առավոտյան հանդիպման մանրամասները ժամի, հրավիրված անձանց վերաբերյալ կփոխանցենք մեր ընդդիմադիր գործընկերներին: Կփորձենք փակ հանդիպում կազմակերպել Ազգային ժողովում»,- ասաց Կոնջորյանը:
Նշենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցություն ղեկավար Սեյրան Օհանյանը առաջարկեց սահմանի իրավիճակի վերաբերյալ քննարկում կազմակերպել:
«Ելնելով ՀՀ շուրջը և սահմանին առկա լարվածությունից՝ «Հայաստան» դաշինքն առաջարակում է օրակարգում ընդգրկված օրինագծի երկու ընթերցումների միջև եղած ժամանակահատվածում փակ, կամ բաց, ինչպես որոշենք, քննարկում կազմակերպենք համապատասխան պատասխանատու անձանց ներկայությամբ՝ հաշվի առնելով այն, որ իրարամերժ տեղեկություններ են գալիս սահմանային իրավիճակի մասին»,- ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին ասել էր «Հայաստան» խմբակցության ղեկավարը: