ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Սևանից հավելյալ ջրառ կատարելու նախագիծը
Սևանից հավելյալ ջրառ վերցնելու մասին նախագծի երկրորդ ընթերցման մեկնարկին Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը խորհրդարանում հայտնեց, որ օրինագծի վերաբերյալ միակ առաջարկը եղել է «Պատիվ ունեմ» խմբակցությունից, որով առաջարկվել էր քիչ ջրառ իրականացնել և այն չի ընդունվել:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ իրենց դիմել են բազմաթիվ բնապահպանական կազմակերպություններ, որոնք համոզված են՝ այն կխախտի Սևանի էկոլոգիական վիճակը:
Թովմասյանը Ջրային կոմիտեի նախագահին խնդրեց բացատրել և ավելի հստակ ասել, թե ինչքան ջուր է անհրաժեշտ:
Պատգամավորը հիշեցրեց, որ Ջրային կոմիտեի նախկին պետերը ԱԺ ամբիոնից հայտնել էին, թե տարի է եղել, որ մոտ 70% ոռոգման ջրի կորուստ են ունեցել և Սարգսյանին հարցրեց, թե ինչ տվյալներ ունի և երաշխիք տալիս է, որ նման կորուստ չի լինի:
Ջրային կոմիտեի նախագահը հայտնեց, որ վերցնում է ցանքի նախորդ տարվա տվյալները և դրան հավելագրում են 10%՝ կանխատեսելով ջրի պահանջը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ արձագանքեց մինչ այդ Կարեն Սարգսյանի ելույթում իրեն մանիպուլյացիայի մեջ մեղադրելուն:
Ջրային կոմիտեի նախագահը հայտարարել էր, թե 36 հազար հա ջրովի տարածք գոյություն չունի, որի մասին խոսել էր Արծվիկ Մինասյանը:
«Եթե բարի լինեիք և կարդայիք 2018 թվականի օրենքը, ապա կտեսնեիք, որ 36 հազար հա թիվն անգամ օրենքում է ամրագրված»,- Կարեն Սարգսյանին հերքեց Արծվիկ Մինասյանը և հավելեց. «Հետևաբար եթե այս ամբիոնից բաներ եք ասում՝ պատասխանատու եղեք ձեր արտահայտությունների համար»:
Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ 2018 թ-ին ընդունվել է Սևանի էկոհամակարգի վերականգնման միջոցառումների վերաբերյալ որոշում, որը գործող իշխանությունը չի կատարել:
Արծվիկ Մինասյանը նաև շեշտեց, որ կրկնում է իր պնդումը՝ նախընտրական շրջանում Սևանից 32 մլն խմ ջուր է բաց թողնվել:
ԱԺ-ն 65 կողմով ձայներով երկրորդ ընթերցմամբ ընդունեց Սևանից հավելյալ 75 մլն մ³ ջրառ կատարելու նախագիծը:
Հարակից հրապարակումներ`
- Ոնց կորոշի մեր ղեկավարը. Կարեն Սարգսյանը՝ մարզպետ նշանակվելու մասին
- «Հայաստան» դաշինքն առաջարկում է սահմանի իրավիճակի վերաբերյալ ԱԺ քննարկում կազմակերպել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին