ԿԲ. Հիպոտեկային վարկավորումը շարունակում է աճել
Հունիս-հուլիս ժամանակահատվածում պետական պարտատոմսերի շուկայում դիտվել է եկամտաբերության աճ՝ կորի ողջ երկայնքով: Այս մասին ասված է Կենտրոնական բանկի՝ այսօր հրապարակած օգոստոսի 3-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի նիստի արձանագրության մեջ։
Հիշեցնենք, որ այդ նիստում ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.5%:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.5%:
Արձանագրվել է, որ բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորման գործընթացում ձևավորված միտումները պահպանվում են, այն է՝ ընդհանուր վարկավորման 12-ամսյա աճի տեմպը դանդաղում է՝ հիմնականում սպառողական վարկերի նվազման հաշվին, իսկ հիպոտեկային վարկավորումը շարունակում է աճել նախորդ ամիսներին արձանագրվող գրեթե նույն տեմպերով:
Ըստ արձանագրության, խորհուրդն անդրադարձել է նաև պահպանվող 12-ամսյա բարձր գնաճային միջավայրի պայմաններում գնաճային սպասումների հնարավոր ավելացման խնդրին: Այս համատեքստում արձանագրվել է, որ համաձայն գնահատականների վերջին շրջանում ներքին գների փոփոխություններն առավել ճկուն են բարձրացման ուղղությամբ, իսկ իջեցման ուղղությամբ առկա են որոշակի կոշտություններ՝ պայմանավորված գնաճի ապագա սպասումների հետ կապված դեռևս պահպանվող անորոշություններով:
Միաժամանակ նշվել է , որ առաջիկայում սպասվում է 12- ամսյա ընդհանուր գնաճի ավելացում՝ հիմնականում սեզոնային պարենային ապրանքների գների աճի հաշվին, իսկ բնականոն գնաճը, որպես գնաճային սպասումների հիմնական կրող, նախկին գնահատականների համեմատ որոշ չափով կնվազի՝ պայմանավորված դրամի արժևորման ազդեցությամբ:
Այդուհանդերձ, ԿԲ-ն գնաճային սպասումների ներկա զարգացումները գնահատում է կառավարելի և ԿԲ նպատակին հիմնականում խարսխված, չնայած պահպանվող անորոշությունների ներքո Խորհուրդը դիտարկում է նաև դրանց հետագա փոփոխության ռիսկերի հնարավոր դրսևորման և քաղաքականության համապատասխան արձագանքման սցենարներ:
Արձանագրությունն այստեղ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան