Տիգրան Աբրահամյան. Հայաստանը պետք է անի առավելագույնը ՊԲ-ն լավագույնս զինելու համար
«Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է, որի պատճառը նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթն է»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, փաստաթուղթը նկարագրել է իրադարձությունների ընթացքը, սակայն անհրաժեշտ մեխանիզմներ չի ապահովել։ Նման իրավիճակի պատճառներից մեկն էլ այն է, որ հետպատերազմական Հայաստանում անվտանգային համակարգում անհրաժեշտ, հրատապ գործողություններ չեն իրականացվել։
«Դրա հետևանքով այսօր մենք ունենք նման զարգացումներ։ Սա խոսում է այն մասին, որ հրադադարի հաստատումից հետո սկիզբ առած բանակցային գործընթացը չի գնում այն ուղղությամբ, որը նախանշված է եղել։ Ադրբեջանն ըստ էության հանդես է եկել նոր առաջարկություններով, որոնք պարտադրանք են թվում, դրանք նոր կորուստներ են ենթադրում։ Ադրբեջանն այդ նպատակին գնալու համար գնում է սահմանային լարվածության հրահրման»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Ընդդիմադիր պատգամավորը փաստեց, որ Ադրբեջանն արդեն կրակ է բացում խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, ինչի հետևանքով ավելի է խորացնում ստեղծված ճգնաժամը։
Սահմաններին Ադրբեջանն իր իսկ սադրանքներն օգտագործում է, որպեսզի բանակցություններում ճնշում գործադրի Հայաստանի վրա և ստանա իր համար ցանկալի արդյունք։
«Ակնհայտ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի կողմից հնչած առաջարակները մեկ փաթեթում չեն, ինչը սպառնալիք է Հայաստանի ու Արցախի համար։ Ինչ վերաբերում է խաղաղության մեծ պայմանագրին, ապա այդ փաստաթղթի ցանկացած կետ, ստորակետ պետք է հաշվի առնվի, օրինակ երբ խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, դա նշանակում է Արցախի կորստի իրավական ամրագրում։ Մեզ համար այսօր առաջնային է, որպեսզի բոլոր հարցերը՝ Հայաստանին ու Արցախին վերաբերող, քննարկվեն ու ներկայացվեն մեկ փաթեթում, որտեղ տրվող լուծումները չեն վնասի ոչ Արցախին, ոչ Հայաստանին»,- ասաց նա։
Անդրադառնալով Ալիևի՝ Արցախում հայկական զինված ուժեր չլինելու մասին հայտարարությանը, Տիգրան Աբրահամյանը նկատեց, նաև Ալիևը չի որոշում, թե Արցախի պաշտպանության բանակը ինչ գործառույթներ իրականացնի։
«Անկախ այն հանգամանքից, որ այսօր Արցախում խաղաղապահ առաքելություն է իրականացնում նաև ռուսական զորախումբը, Արցախի անվտանգության ապահովման գործում կարևոր նշանակություն ունի Արցախի պաշտպանության բանակը, որտեղ ընթացող բարեփոխումների ու փոփոխությունների արդյունքում, կունենան ավելի ուժեղ պաշտպանության բանակ։ Այս իրավիճակում Հայաստանի կառավարությունը պետք է անի առավելագույնը Արցախի պաշտպանության բանակը լավագույն սպառազինությամբ, ինչպես նաև ՊԲ գործառույթների իրականացման համար ցանկացած տիպի մատակարարում ապահովելու համար»,- ասաց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Անդրանիկ Թևանյան. Ալիևը Երևանի լուռ պահվածքը թերևս գնահատել է թուլության նշան ու անցել գրոհի
- Վահե Հովհաննիսյան. Ով և ինչպես կպատասխանի Ալիևին
- ՊՆ. Թշնամու դիպուկահար կրակոցից Երասխի հատվածում պայմանագրային զինծառայող է զոհվել
- ՊՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն Սև լճի հատվածում փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել
- Ալիև. Պարտության հետ համակերպվել է թե հայ ժողովուրդը, թե Հայաստանի ղեկավարությունը
- ՊՆ. Ադրբեջանը կրակ է բացել Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան