Ես միայն հայերեն եմ մտածում. Ստանիսլավ Երյոմին
Կիսով չափ հայ, կիսով՝ ռուս. այսպես է իրեն բնութագրում Հայաստանի զինված ուժերի ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության բաժնի պետ, արցախյան երկու պատերազմների վետերան, գնդապետ Ստանիսլավ Երյոմինը:
Ստանիսլավ Երյոմինի ծնողները ռուս են, բայց գնդապետն այստեղ է ծնվել, Հայաստանն էլ իր տունն ու հայրենիքն է համարում։ Այս մասին հաղորդում է «Հայ զինվոր.ամ»-ը։
-Ես դաստիարակվել եմ այստեղ, կնքվել եմ Հայոց եկեղեցում, կինս հայ է, երեխաներս էլ՝ կիսով չափ: Չնայած որոշ ժամանակ Ռուսաստանում եմ ապրել, բայց հիմնականում Հայաստանում եմ բնակվել: Իմ մեջ հայկականը շատ է: Ռուս գրողներից մեկն ասել է՝ որ լեզվով մտածում ես, ուրեմն էդ ազգի ներկայացուցիչն ես: Վերջին ժամանակներում ես միայն հայերեն եմ մտածում,- անկեղծացել է գնդապետը:
Ու հենց սերն է հայի ու Հայաստանի հանդեպ 1992 թվականին Ստանիսլավ Երյոմինին բերեց նորաստեղծ Հայոց բանակ: Մինչև այդ, հյուսիսային նավատորմում է ծառայեմ: Երբ հերթական արձակուրդին եկել է Երևան և այցելել Նուբարաշենի դեռևս նոր կազմավորվող դեսանտագրոհային գնդում ծառայող իր մայրիկին, հաղթանդամ երիտասարդին նկատել է գնդի հրամանատարն ու առաջարկել համալրել հայկական զինված ուժերի շարքերն ու ծառայել Հայաստանի Հանրապետությանը:
Ծառայության անցնելուց շատ չանցած՝ Երյոմինին, դեսանտագրոհային գնդի մի խումբ զինծառայողների հետ, տագնապով ուղարկել են Բերձոր: Եվ այսպես երիտասարդ, դեռևս անփորձ ու ռազմական գործից անտեղյակ Ստանիսլավ Երյոմինը հայ մարտիկների հետ 1992 թվականին ակտիվորեն մասնակցել է Բերձորի ազատագրմանը։ Նրա խոսքով՝ իրենք, փոքրաթիվ խմբով, հակառակորդին այնպիսի ջարդ են տվել, որի մասին բարձրաձայնել են անգամ իրենք՝ ադրբեջանցիները:
Պատերազմից հետո սկսվել է Ստանիսլավ Երյոմինի ծառայողական ուղին: Սկզբում ծառայել է որպես դասակի հրամանատար, ապա վաշտի, այնուհետև տեղափոխվում սահմանապահ զորքեր: Գրեթե երեք տասնամյակի ծառայողական հարուստ կենսագրության մեջ գնդապետն առանձնացնում է հատկապես Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում դասախոսական տարիները.
-Եղել եմ ֆակուլտետի պետի տեղակալը, մեծ փորձ եմ ձեռք բերել, դասավանդել եմ «Զորքերի կառավարում» առարկան,- ասել է գնդապետը:
Արցախյան վերջին պատերազմի ընթացքում նա դարձյալ դիրքերում է եղել։Առաջնագծում իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված, գնդապետ Երյոմինը մեկնել է ռազմաճակատ։ Ասում է՝ «Հարավային թևի ուղղությամբ մարտերը աներևակայելի թեժ են եղել, հրամանատարական կազմից շատերը զոհվել են, զորքի կառավարումը թուլացել, բնագծերի պաշտպանությունը նույնպես: Զինվորները հրամանատարների կարիքն ունեին: ԳՇ պետի հրամանով մեկնել եմ հարավային ուղղություն…»:
Գնդապետի խոսքով՝ իրավիճակը ժամ առ ժամ բարդանում էր, թշնամին խորանում էր մեր պաշտպանության խորքերը։ Գնդապետ Երյոմինը ստիպված թողել է հրամանատարական կետն ու մարտական ընկերների՝ Ստեփան Գևորգյանի և Արտակ Ասատրյանի հետ զենքը ձեռքին բնագծում կասեցրել է հակառակորդի առաջխաղացումը
Այս դաժան պատերազմից գնդապետն ամենակարևոր արձանագրումն է անում,որ հայ զինվորի ոգու, նրա հավատի ու չկոտրվող կամքի, հրոսակների դեմ չընկրկող, չնահանջող հայ սպայի տեսակի մասին,որ բոլորը հերոսներ են։
Հայրենիքին մատուցած անձնուրաց ծառայությունների համար Ստանիսլավ Երյոմինը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Այս վերջին պատերազմի ամենադաժան փորձությունների միջով անցնելուց հետո էլ գնդապետը հավաստում է, որ երբևէ չի զղջացել Հայաստանի Հանրապետությանը ծառայելու, հարազատ դարձած հողի համար կռվելու ու պայքարելու համար։ Հիմա էլ գնդապետը կորցրած առողջությունը վերականգնելու նոր պայքարի մեջ է: Մարտական խնդիրն է՝ օր առաջ շարք վերադառնալ ու զինակից ընկերների հետ բուժել վիրավոր բանակի վերքերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան