Գորիսի քաղաքապետարանից օգնություն ստացողներին հարցաքննել և անխտիր նույն հարցն են տվել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարեն Ֆարխոյանը և Մնացական Մարտիրոսյանը կշարունակեն քննել Գորիսի քաղաքապետի տեղակալներ Իրինա Յոլյանի և Մենուա Հովսեփյանի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների քննությունը:
Լրագրողների հետ զրույցում նրանց պաշտպան Արմեն Մելքոնյանը հայտնեց, որ դատարանը մերժել է պաշտպանական թիմի՝ դատավորներին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունները:
Նա նշեց, որ այսօր Յոլյանի և Հովսեփյանի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների քննությունն կշարունակվի:
Պաշտպանի խոսքով, իրենք չեն հասցրել գործերին ամբողջությամբ ծանոթանալ, քանի որ բազմածավալ են:
«Որպես գեղարվեստական գիրք չենք կարդում, կարդում ենք և փորձում պաշտպանություն իրականացնել: Այն, ինչ կարդացել եմ, հիմնավոր կասկածը հիմնավորող ապացույց ընդհանրապես գոյություն չունի»,- ասաց Ա. Մելքոնյանը:
Նա հարցաքննություններից մի քանի օրինակ բերեց. «Քննիչը հարցաքննում է մի կնոջ, ով, ենթադրենք ստացել է 50 հազար օգնություն որպես անապահով ընտանիքի անդամ:
Հարցաքննության ժամանակ քննիչն ասում է՝ ձեր պարանոցին բարակ ոսկյա շղթա եմ նկատում, այ դուք սոցիալապես անապահով չեք: Նախ քննիչը փորձագետ չէ, կարող է ոսկյա չէ, կարող է դեղին մետաղից է, բայց քննիչն իրեն այդ ֆունկցիան վերապահում է ու այդ գնահատականը տալիս՝ դուք սոցիալապես անապահով չեք, բայց քաղաքապետարանից 50 հազար դրամ օգնություն եք ստացել:
Մարդ կա ասել է՝ ամիսներ շարունակ ստամոքսի ցավ է ունեցել, դեղ չի կարողացել գնել, դիմում է գրել, գումար են տվել ու գնել է այդ դեղը, բուժվել: Բայց ասենք այդ մարդը մի հատ բուդկա «մոսկվիչ» ունի, իր անունով է գրանցված, այսինքն ինքը սոցիալապես անապահով չէ:
Այս ձևով 62 անձանց են գտնում, որոնց Գորիսի համայնքապետարանն օգնություն է տվել ոչ ճիշտ:
Մի անձ չկա, ով ասի՝ այս մարդիկ իրենց օգնությունը տվել են ինչ որ շահից, դրդապատճառից ելնելով: Մարդիկ ասում են՝ դիմել են, քանի որ կարիք են ունեցել»:
Պաշտպանի խոսքով, օգնություն ստացած բոլոր քաղաքացիներին անխտիր տվել են հարց՝ արդյոք իրենց խնդրանքը քաղաքապետարանում բավարարել են, որպեսզի ինչ որ մեկի օգտին քվեարկեն: Հարցաքննված բոլոր անձինք հերքել են այդ ամեն ինչը:
«Մարդ կա ասում է՝ մարզպետարանից երեք անգամ է ստացել օգնություն, Գորիսի քաղաքապետարանից՝ մեկ անգամ»,- նշեց Ա. Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանը, Մենուա Հովսեփյանը ձերբակալվել են օգոստոսի 17-ին: Այսօր դատարաններում քննվում է նրանց կալանավորման հարցը:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, Մենուա Հովսեփյանին նաև 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:
Քրեական օրենսգրքի 179 հոդվածը վերաբերում է՝ յուրացնելուն կամ վատնելուն:
Քրեական օրենսգրքի 149.1 հոդվածը վերաբերում է՝ Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելուն։
Հարակից հրապարակումներ`
- Գորիսի փոխքաղաքապետների պաշտպաններն ինքնաբացարակի միջնորդություն են ներկայացրել դատավորներին
- Այստեղ գործել է ցուցմունք ազատության դիմաց չգրված կանոնը. Էրիկ Ալեքսանյան
- Իշխանությանը քննադատողները քիչ ժամանակ անց ազատազրկվում են կամ ձեռք բերում մեղադրյալի կարգավիճակ. Յոլյանի պաշտպան
- Գորիսի փոխքաղաքապետերը ձերբակալվել են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին