Գոհ եմ թիմի ելույթներից․ Բասկետբոլի աղջիկների հավաքականի մարզիչ
Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Արզումանյանը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունում ամփոփել է մեր թիմի մասնակցությունը Վրաստանում կայացած Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարում։
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ը, զրույցի ընթացքում նա մասնավորապես նշել է.
«Անկեղծ ասած, գոհ եմ թիմի ելույթներից։ Միանշանակ, չեմ կարող ուրախ չլինել, քանի որ տեսանք կատարած աշխատանքի արդյունքը։ Տոնեցինք երկու հաղթանակ և կրեցինք երկու պարտություն։ Գիտակցում էինք, որ բարդ է լինելու, բայց ցույց տվեցինք, որ իսկական թիմ ենք դարձել։
Առաջին մրցակիցն Ալբանիայի հավաքականն էր։ Դժվար խաղ էր, քանի որ այս մրցաշարի մեր առաջին հանդիպումն էր։ Շատ ժամանակ չկար նախապատրաստվելու համար, այդ պատճառով մի փոքր բարդ ստացվեց թիմային աշխատել։ Ամեն դեպքում, պայքարեցինք յուրաքանչյուր միավորի համար»։
Մարզչի խոսքով ՝ երկրորդ դիմակայությունը Վրաստանի հավաքականի հետ է եղել։
«Այս խաղում աղջիկները միմյանց ավելի լավ էին հասկանում և ավելի վստահ էին իրենց ուժերին։ Մրցակցի խաղացողները մեզանից բարձրահասակ էին, բայց դա չխանգարեց որ առավելության հասնենք նրանց նկատմամբ։ Առաջին խաղի համեմատ ավելի արագ էինք գործում և արժանի էինք հաղթանակի։
Ենթախմբի ֆավորիտ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ պայքարը ամենադժվարը ստացվեց։ Խաղադաշտում առավել շատ ժամանակ ստացան մեր կազմի ոչ հիմնական խաղացողները։ Որոշում կայացրինք ուժերը խնայել Մալթայի հետ խաղում։ Վերջին հանդիպումն ընթացավ լարված պայքարում։ Մեր թիմի խաղը հաճելիորեն զարմացրեց ինձ. աղջիկները ցույց տվեցին, թե որքան վճռական են տրամադրված և, մինչև վերջին վայրկյանը պայքարելով, կարողացան հաղթանակ տոնել։
Նրանք կատարեցին այն առաջադրանքը, որը դրել էի իրենց առջև այստեղ գալուց առաջ։ Հպարտ եմ մեր թիմով և, անկասկած, չենք դադարի աշխատել ավելի լավ արդյունքներ գրանցելու համար»,- ասել է մարզիչը:
ՀԲՖ ֆեդերացիայի փոխնախագահ, վաստակավոր մարզիչ Վահագն Հարությունյանը նշել է, որ համավարակի պատճառով մրցավայրը հայտնի է դարձել շուրջ երկու ամիս առաջ: Եվրոպական 52 երկրների կեսն է հայտավորվել առաջնությանը:
Կոմիտեի փոխանցմամբ՝ հինգ ենթախմբերում հինգական թիմեր են ընդգրկվել: E ենթախմբում, մրցավարտից հետո, թիմերը դասավորվել հետևյալ հաջորդականությամբ. Հյուսիսային Մակեդոնիա, Ալբանիա, Հայաստան, Մալթա և Վրաստան: Հայ մարզուհիների հաշվին գրանցվել է երկուական հաղթանակ և պարտություն ու վեց միավորով մեր թիմը ճանաչվել է երրորդը:
Եվրոպայի առաջնությունը հայտնի պատճառով շարունակություն չի ունենա, ասել է թե ՝ եզրափակիչ մրցաշար չի անցկացվի: Մեր բասկետբոլիստուհիները մարզիչներ Սուրեն Արզումանյանի և Սարգիս Ստեփանյանի գլխավորությամբ կշարունակեն պարապմունքները և կնախապատրաստվեն եկող մրցաշրջանում կայանալիք մրցումներին: