Վրաստանը չի պատրաստվում Աֆղանստանից փախստականների ընդունել․ Վրաստանի ԱԳՆ
Վրաստանը չի պատրաստվում ընդունել Աֆղանստանից փախստականների և այս հարցը նույնիսկ չի քննարկում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին, գրում է jnews.ge-ն։
Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչն այսօր եղել է Թբիլիսիի օդանավակայանում, որտեղ լուսադեմին հունգարական ինքնաթիռը Աֆղանստանից բերել է Վրաստանի վեց քաղաքացիներին, ովքեր Քաբուլում պայմանագրով աշխատում էին ամերիկյան ընկերությունում:
Հատուկ չվերթով հայրենիք վերադարձած քաղաքացիներին դիմավորել են նրանց հարազատները, արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, ինչպես նաև Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին:
Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին ասել է, որ հունգարական ինքնաթիռում, որը Վրաստանի քաղաքացիներին բերել է Թբիլիսի, չկան Աֆղանստանից փախստականներ: Վրացիների հետ միասին հունգարական ինքնաթիռը Քաբուլից դուրս է բերել եվրոպական երկրների մի քանի տասնյակ քաղաքացիների, որոնք այնուհետև Թբիլիսիից այլ երկրներով տեղափոխվել են իրենց երկրներ:
«Թբիլիսի ժամանած հունգարական ինքնաթիռը ոչ մի փախստականի չի բերել: Այս չվերթով փոխադրվել են նաև այլ մարդիկ, ովքեր արդեն այլ ինքնաթիռներով մեկնել են դեպի իրենց երկրներ, բոլորը եվրոպացիներ են: Վրաստանը չի պատրաստվում ընդունել Աֆղանստանից փախստականների, դրա մասին խոսակցություն չկա», – ասել է Խվթիսիաշվիլին:
ԱԳՆ ներկայացուցիչը նաև հստակեցրել է, որ Աֆղանստանում Վրաստանի 23 քաղաքացի է գտնվել, սակայն նրանցից մեկին տարհանում են ոչ թե վրացական իշխանությունները, այլ այն ընկերությունը, որում նա աշխատում է:
«Աֆղանստանում Վրաստանի 22 քաղաքացի էր գտնվում: Հետո տեղեկատվություն տարածվեց, ինչ-որ մեկը տեսանյութ էր տեղադրել, որ մեկ այլ վրացի էլ կա իրենց հետ: Արտաքին գործերի նախարարությունը նրա հետ էլ կապ հաստատել, նրան առաջարկվել էր այս չվերթով ժամանել, սակայն նա ասել էր, որ իր մեկնումն արդեն ծրագրել է այն ընկերությունը, որտեղ նա աշխատում է, և նա թռչելու է այդ չվերթով»,- ասել է Խվթիսիաշվիլին:
Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Քաբուլում է մնում Վրաստանի ևս 16 քաղաքացի, և նրանց տարհանման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում:
Նրա խոսքով՝ բոլորը ողջ և առողջ, ապահով վայրում են գտնվում:
Հիմնական խնդիրը մնում է Վրաստանի քաղաքացիների տեղաշարժը Քաբուլում և նրանց անվտանգ տեղափոխումն օդանավակայան՝ Աֆղանստանում անկայուն և քաոսային իրավիճակի պատճառով:
«Այնտեղ են մնում մեր 16 համաքաղաքացիները, մենք ակտիվորեն աշխատում ենք նրանց քաղաքից օդանավակայան հասցնելու ուղղությամբ, որտեղ բազան արդեն վերահսկվում է ԱՄՆ -ի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի զինված ուժերի կողմից: Այդտեղից արդեն կկատարվի այդ մարդկանց Վրաստան ինքնաթիռով տեղափոխումը: Մենք գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ:Գործընկեր երկրները նախատեսում են տասնյակ չվերթներ իրականացնել այնտեղից, որոնց միջոցով մենք կարող ենք ուղարկել մեր քաղաքացիներին: Զուգահեռաբար, մենք աշխատում ենք այն ուղղությամբ,որ Աֆղանստանն ընդունի Վրաստանից ինքնաթիռ: Սա կապված է որոշակի դժվարությունների հետ, քանի որ իրավիճակը քաոսային է, իրավիճակը բարդ է, և եթե մոտ ժամանակներս հաջողվի ուղարկել ինքնաթիռը, ապա նրանք կժամանեն դրանով : Եթե ոչ, ապա մենք կօգտագործենք առաջին իսկ հնարավորությունը », – ասել է Խվթիսիաշվիլին:
Հարակից հրապարակումներ`
- Ռազմական ինքնաթիռը Աֆղանստանից Ալմա-Աթա է հասցրել 42 մարդու, այդ թվում՝ ռուսաստանցիների
- Ղազախստանը դեռ չի դիտարկում Աֆղանստանից փախստականներ ընդունելու հարցը
- Մեծ Բրիտանիան պատրաստվում է ընդունել 20 հազար աֆղան փախստականների
- Մերկելը խոսել է ԵՄ երկրներում աֆղան փախստականների ընդունման մասին
- Իրանից աֆղանստանցի փախստականների նորանոր խմբեր են անցնում Թուրքիա
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին