100 մլն դրամ՝ Տավուշի մարզի Կիրանցի հիմնական դպրոցի կառուցման համար
ՀՀ կառավարության նիստում այսօր չզեկուցվող հարցերի թվում որոշում է կայացվել 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 100 մլն դրամ՝ Տավուշի մարզի Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների մեկնարկն ապահովելու համար:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ դպրոցն ի սկզբանե ընտրվել էր «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրում ընդգրկվելու համար: Կիրանցի Գ. Վարդանյանի անվան հիմնական դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների մեկնարկի համար ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1589-Ն որոշմամբ 81 մլն 770.4 հազար դրամ գումար էր հատկացվել, սակայն գնման գործընթացով պայմանավորված աշխատանքները հնարավոր չի եղել սկսել (գնման պայմանագիրը չի կնքվել)։
Գործադիրի հրապարակած տեղեկանքում ասվում է, որ 2021 թվականի հուլիսի 20-ին կնքվել է շուրջ 615 մլն դրամի չափով պայմանագիր՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան: Կնքված պայմանագիրը ենթակա է լուծման, եթե դրա կնքելու օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում պայմանագրի կատարման համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվում: Հետևաբար, քանի որ նշյալ պայմանագրի գործողության ժամկետը լրանում է 20.01.2022թ.-ին, ՀՀ կառավարությունը հատկացրել է համապատասխան ֆինանսավորում` դպրոցի շինարարական աշխատանքների մեկնարկն ապահովելու համար: Շինարարական աշխատանքները կիրականացվեն քաղաքաշինության կոմիտեի պատվիրակմամբ:
Ըստ ներկայացված տեղեկանքի, «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրում ներառված դպրոցներն ընտրելիս հաշվի է առնվում այն, որ դպրոցը բնակավայրում միակը լինի, դրանում սովորեն մինչև 100 աշակերտ: Բացի դրանից, սեյսմակայունության խնդրի պատճառով շենքի վերականգնումը տնտեսապես արդյունավետ չէ, իսկ դպրոցի տեղակայման վայրում առկա է մոդուլային շենքի տեղակայման պահանջներին համապատասխան հողատարածք։ Մոդուլային ուսումնական հաստատություններն ապահովված կլինեն նաև ապաստարաններով:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի կարծիքով մայիսին մոտ «ռազմական հեղաշրջում» էր իրեն սպասում
- Սփյուռի օգնությունն իրականում վնասաբեր է Հայաստանի համար. Վահան Քերոբյան