Խաչիկ Գևորգյանը՝ կրթաթոշակներ սահմանելու մշակույթի ձևավորման մասին
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում երկար տարիներ անգլերեն դասավանդած Գոհար Մելիք-Բախշյանի անվան կրթաթոշակառուն արդեն հայտնի է։ Առավելապես կարիքի վրա հիմնված կրթաթոշակն ամբողջությամբ կամ մասնակի կհոգա մայր բուհի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առնվազն մեկ ուսանողի ուսման վարձը։ Կրթաթոշակի համար դիմել էր ութ ուսանող։ Մելիք-Բախշյանի ընտանիքը կրթաթոշակին արժանացած ուսանողի անունը կհրապարակի ուսումնական տարվա սկզբին։
Բանասիրական գիտությունների թեկնածու, Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիայի (ARMACAD) հիմնադիր Խաչիկ Գևորգյանը Գոհար Մելիք-Բախշյանի որդին է։ Նա և հարազատները դեռ երեք տարի առաջ սկսեցին կրթաթոշակ տրամադրել կյանքից հեռացած պատմաբան պապի՝ Ստեփան Մելիք-Բախշյանի անվամբ։
«Ես և քեռիս՝ Մհեր Մելիք-Բախշյանը որոշեցինք նրա անունով կրթաթոշակ սահմանել օտարերկրացի ուսանողների համար, որոնք կգան Հայաստան ու կսովորեն հայերեն։ Այս երեք տարիների ընթացքում Ստեփան Մելիք-Բախշյանի անվան կրթաթոշակի շնորհիվ արդեն վեց օտարերկրացի ուսանող հայերեն է սովորում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է Խաչիկ Գևորգյանը։
Նա կարծում է՝ կյանքից հեռացած անվանի, հայտնի ու ոչ հայտնի հարազատների հիշատակը վառ պահելու, նրանց հիշատակին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձևերից է նաև նրանց անվան կրթաթոշակի տրամադրումը։
«Այս կրթաթոշակները շարունակական են լինելու։ Սովորաբար երեխաներն իրենց մեծերից ինչ-որ բան են ժառանգում՝ հարգանք, պատիվ, միգուցե բնակարան կամ մեքենա, դրա համար կարծում եմ, այդ ժառանգածը նա պետք է վերադարձնի հանրությանը այդ մարդուն, նրա արածն արժևորելու տեսակետից։ Միայն կենացով չպետք է հարգել նրանց հիշատակը, մարդկանց հետմահու արժևորելու լավագույն տարբերակներն են առողջապահական ծրագրերը՝ կրթաթոշակներ սահմանելով»,- նշում է նա։
Խաչիկ Գևորգյանը խոստովանում է՝ ուրախ կլինի, եթե կրթաթոշակներ սահմանեն նաև հայտնի բժիշկների, գիտնականների երեխաներ։
ARMACAD-ի հիմնադիրն ասում է, որ շուտով ևս երկու կրթաթոշակի մասին է հայտարարելու, դրանք կլինեն հորական պապիկի ու տատիկի անուններով։
«Պապս՝ Խաչիկ Հունանյանը Գեղարքունիքում եղել է հայտնի ջրաշինարար, տատս՝ Զեմֆիրա Դանեղյան-Հունանյանը եղել է ակնաբույժ։ Նրանք Մարտունիում հայտնի մարդիկ են եղել, բայց տարիների ընթացքում նրանց մասին մոռանալու են։ Ես ուզում եմ այդ կրթաթոշակներով նրանց անունը հավերժացնել»,- նշում է Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան