Սխալ է, որ դատավորն իր որոշման համար ենթարկվի պատասխանատվության. Արման Հովհաննիսյան
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում կայացել է Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը: ԲԽԴ-ից հայտնում են, որ միջնորդությունը Խորհրդին է ներկայացրել արդարադատության նախարարի պաշտոնակատարը՝ նշելով, որ դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական խախտում, որն էլ առաջ է բերել դատավորի վարքագծի կանոնների խախտում:
Դատավոր Արման Հովհաննիսյանը միջնորդել է իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը կարճել, քանի որ գտնում է՝ վարույթի հարուցման հիմքերն օրինականության խնդիր ունեն:
ԲԴԽ-ն միջնորդությանը ծանոթանալու համար, տեղում խորհրդակցելով, որոշել է նիստը հետաձգել մինչև սեպտեմբերի 2-ը, ժամը՝ 15.00:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արման Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ պետք է այդ վարույթը կարճվի:
«Գտնում եմ, որ ես հիմնավոր միջնորդություն եմ ներկայացրել։ ԲԽԴ-ն 2020 թվականի հուլիսի 13-ին նմանատիպ դիրքորոշում է հայտնել ու կարճել վարույթը»,- ասաց դատավորը:
Նա գտնում է, որ դատավորի կայացրած որոշման, իր մտքերի, մոտեցումների, վերլուծությունների համար կարգապահական վարույթ հարուցելը սխալ է, որովհետև դա ուղիղ կաշկանդում է դատավորին։
«Դատավորն իր որոշման համար չպետք է ենթարկվի պատասխանատվության: Այլ բան է՝ կարող է ինչ-որ ծայրահեղ իրավիճակ լինել, դատավորն իր որոշման մեջ այնպիսի նորմի հղում տա, որն այլևս գոյություն չունենա։ Երբ խոսք է գնում դատավորի մոտեցման, դիրքորոշման, դրա արդյունքում կարգապահական վարույթի, ապա ես սխալ եմ համարում»,- ասաց դատավորը:
Հարցին՝ կարո՞ղ են արձանագրել, որ նմանատիպ վարույթներն ուղիղ միջամտություն են դատարանների անկախությանը, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Այո: Ես իմ միջնորդության մեջ նշեցի, որ սա ուղիղ միջամտություն է դատավորի անաչառ աշխատանքին, անկախության սկզբունքն է խախտվում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան