Անհետ կորած զինծառայողների հարազատները ԱԱԾ շենքի դիմաց են
Անհետ կորած զինծառայողների ծնողները, հարազատներն այս պահին ԱԱԾ շենքի դիմաց են։ Նրանք պահանջում են ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի հետ հանդիպում։
Խոսքը Ցորի զորամասի 13 զինծառայողների մասին է։ Ավելի վաղ անհետ կորած համարվող 21 զինվորներից 9-ի մասունքները հայտանբերվել են, 8-ին նույնականացրել են ու հուղարկավորել։
Panorama.am-ի հետ զրույցում Արցախի 44 օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատն ասաց, իրենք ավելի վաղ պահանջել էին Ազգային անվտանգության ծառայությունից ապահովել Հադրութի շրջանի «Ջուվառլու» կոչվող տեղանքի խրամատաներից իրենց երեխաների իրերի, իրեղեն ապացույցների անվտանգ դուրս բերում, ինչը չի արվել։
«Խրամանատում եղել են նաև զինծառայողների մազեր, որոնք հետագայում թույլ կտային իրականացնել նույնականացում, դրանք էլ դուրս չեն բերվել»,-պատմեց հարազատը։
Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած խրամատներն ադրբեջանցիներն հրդեհել են, ինչի հետևանքով ոչնչացել են նաև իրեղեն ապացույցները։
Կնոջ խոսքով, այդ տեղանքում հրանոթի արկ չի պայթել, եղել են մերձակա մարտեր, այսինքն իրենց երեխաների մարմինները չէին կարող մոխրացած լինել։
«Մենք պատրաստվում ենք ԱԱԾ շենքի մոտ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ մեր պահանջներին ընթացք չի տրվել»,-ասաց նա՝ ավելացնելով, որ նաև պահանջելու են անհետ կորածների հարազատները մասնակցեն այդ հարցով հետագա բոլոր բանակցություններին։