Ձեռքով մակագրումը կոնկրետ դատական իշխանության դեմ ուղղված քայլ է. Վարոսյան
Դատական համակարգի վերաբերյալ կոռեկտ արտահայտվելու մասին Բարձրագույն դատական խորհրդի կոչն առավել կոնկրետ ուղղված էր իշխանական պատգամավորներին։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Կոչը շատ դրական եմ գնահատում, քանի որ այն համարում եմ ուղղված գործադիր իշխանությանը և իշխանական պատգամավորներին։ Ես տեքստից այդպես հասկացա: Իհարկե, մի փոքր ուշացած էին նման կոչերը:
Այդ կոչերով Բարձրագույն դատական խորհուրդը դեռ երեք տարի առաջ պետք է հանդես գար, երբ իշխանությունները ոչ միայն խոսքով, այլ նաև գործով էին խոչընդոտում դատարանի աշխատանքները, սպառնալիքներ էին հնչեցնում դատավորների նկատմամբ և շրջափակում էին դատարանների դռները։ Ես հասկացել եմ, որ այդ կոչն ուղղված է այն անձանց, ովքեր իրականում խոչընդոտում են դատարանների աշխատանքները»,- ասաց Ե.Վարոսյանը։
Ըստ նրա, դատարանների հանդեպ վստահության ամրապնդման առումով շատ հստակ անելիքներ կան, առաջին հերթին պետք է շտապ դատարաններ վերադարձնել մակագրություն իրականացնող համակարգիչները։
«Այդ համակարգիչների տեղափոխումը դատարաններից և մակագրումը ձեռքով իրականացնելը ես համարում եմ կոնկրետ դատական իշխանության դեմ ուղղված քայլը։
Ակնհայտ է, թե ովքեր են մակագրողները, ովքեր են եղել մակագրողները վերջին 20-30 տարիների ընթացքում։ Նրանք միշտ են հանդես եկել պրո-իշխանական դիրքերից՝ անկախ նրանից, թե ով է եղել իշխանության, այդ մարդկանց ձևն է այդպես։
Տեսնում ենք, թե քաղաքական իշխանության համար հետաքրքրություն ունեցող գործերն ում են մակագրվում, էլի տասնամյակներ շարունակ պատվեր կատարող դատավորների, ուստի՝ ինչպե՞ս վստահել»,- ասաց նա։
Ե. Վարոսյանը չի կարծում, որ Բարձրագույն դատական խորհուրդն է եղել այն մարմինը, ով նախաձեռնել է համակարգչի անհետացումը, չի էլ կարծում, որ ԲԴԽ-ն կարող է այդ հարցում որևէ ազդեցություն ունենալ:
«Ով հրամանը տվել է, նա էլ պետք է հրամանը տա հետ վերադարձնել։ Փոքր դետալ է այդ համակարգիչը, բայց քաղաքական իշխանությունը կունենա կամք ունենալ անկախ դատական համակարգ, մենք կունենանք, չի ունենա այդ կամքը, մենք այդ դատական համակարգը չենք ունենա»,- ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Նա նշեց, որ դատական համակարգին միշտ էլ եղել է միջատություն, գրեթե միշտ է այդպես եղել, ուղղակի երբեք իշխանություններն իրենց թույլ չեն տվել այդ ամեն ինչը ներկայացնել բաց ու հրապարակային:
«Միշտ իմացել ենք ճնշումների, զանգերի մասին: Բայց նախկին իշխանություններն իրենց հայտարարություններում ու գործողություններում զգույշ էին, վախենում էին հասարակությունից, ունեին որոշակի կաշկանդվածություն: Սրանք որևէ բանից որևէ կաշկանդվածություն չունեն, բացահայտ ասում են, անում են ու մարսում են»,- ասաց Երվանդ Վարոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ն պատգամավորներին հորդորում է լինել զուսպ
- Դատավորներին գործերի մակագրումը տեղի է ունենում, մեղմ ասած, կասկածելի եղանակով. Հայկ Մամիջանյան
- ԲԴԽ և ԱԱԾ ներկայացուցիչները քննարկել են ավտոմատ մակագրման համակարգի՝ հնարավորինս սեղմ ժամկետում վերագործարկման հնարավորությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին