Վերջին շրջանում Ռուսաստանում միգրանտների միջև բախումների թիվը զգալիորեն աճել է. ՌԴ ՆԳՆ
Մետրոյի «Կուզմինկի» կայարանի մոտ միգրանտների զանգվածային ծեծկռտուքից հետո 46 օտարերկրացի արտաքսվել է Ռուսաստանից: Իշխանությունները նախատեսում են երկրից ընդհանուր առմամբ 87 մարդու վտարել: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Վլադիմիր Վասենինը:
«Դատական մարմնի որոշմամբ 87 մարդ 90 օր ժամկետով տեղափոխվել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր մեկուսացման Մոսկվայի գլխավոր վարչության բաժին»,- ասել է նա:
Մամուլի ծառայության ղեկավարը պարզաբանել է նաև, որ ավելի վաղ դատարանը 15 օրով վարչական կալանքի որոշում էր կայացրել 87 ձերբակալված օտարերկրացիների նկատմամբ: Բացի այդ, նրանց ընդմիշտ արգելվել է մուտք գործել Ռուսաստան:
Մոսկվայի հարավ-արևելքում միգրանտների զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել հուլիսի 12-ին, որին մասնակցել էր գրեթե 200 մարդ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները կոշտ միջոցներով բերման էին ենթարկել մասնակիցներին, ավելի քան 90 մարդ տեղափոխվել էր Ներքին գործերի նախարարության բաժանմունքներ:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, բախման պատճառը եղել էր Տաջիկստանի և Ղրղզըստանի քաղաքացիների միջև ծագած հակամարտությունը: Ներքին գործերի նախարարությունը նաև հայտնել է, որ վերջին շրջանում Ռուսաստանում նման ծեծկռտուքների թիվը զգալիորեն աճել է: