Ստուգվել է 900-ից ավելի տրանսպորտային միջոց
Օգոստոսի 18-ի երեկոյան ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայության ու ճանապարհային ոստիկանության ծառայողները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացրել են ուժեղացված ծառայություն։
Ոստիկանությունից հայտնեցին, որ անձնակազմին հրահանգավորել է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Նա պահանջել է քաղաքացիների հետ շփումներում լինել կոռեկտ, միևնույն ժամանակ՝ խիստ, գործել բացառապես օրենքի տառին համապատասխան ու իրավաչափ։ Հրահանգավորումից հետո անձնակազմն անցել է ուժեղացված ծառայության։
Երևանում և Երևան մտնող ճանապարհահատվածներում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկվել 82 անձ, ստուգվել է 900-ից ավելի տրանսպորտային միջոց։ Կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, դանակներ, կռփազենքեր, մահակներ ու կեղծ համարանիշեր։
Բացի այդ, ոստիկանության Արաբկիրի բաժնում արձանագրվել է ապօրինի ինքնաձիգի և պայթուցիչներով նռնակների կամավոր հանձնման դեպքեր։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքեր. հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ ընդհանուր 9 գրամ քաշով։
«Կարող ենք արձանագրել, որ ուժեղացված ծառայությունն արդյունավետ էր։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։