Պուտինն ու Մերկելն այսօր բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, սա վերջին երեք տարվա ընթացքում նրանց առաջին անձնական հանդիպումը կլինի: Այս մասին գրում է Interfax-ը։
Վերջին անգամ Մերկելը Ռուսաստան էր այցելել 2018-ի մայիսին, այնուհետև երկու առաջնորդների բանակցությունները կայացել էին Սոչիում: Այս անգամ Մերկելի այցը տեղի է ունենում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի պաշտոնավարման ժամկետի ավարտի ֆոնին․ Գերմանիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի սեպտեմբերի 26 -ին, որին Մերկելը չի առաջադրել իր թեկնածությունը:
Կանցլերը Մոսկվա կայցելի մինչ օգոստոսի 22 -ին նախատեսված Կիև կատարելիք այցից առաջ։
Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտն ավելի վաղ ասել էր, որ Մերկելի Ռուսաստան այցի ծրագիրը «շատ խիտ է, կենտրոնացած է Ռուսաստանի նախագահի հետ շփման վրա»: Սպասվում է, որ առաջիկա հանդիպմանը Պուտինն ու Մերկելը կքննարկեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև մի շարք արդիական միջազգային և տարածաշրջանային հարցեր:
Ռուսաստանի և Գերմանիայի առաջնորդների միջև բանակցությունների միջազգային օրակարգը չի ավարտվի առանց Աֆղանստանում իրավիճակի քննարկման, իսկ երկկողմ օրակարգը՝ առանց էներգետիկ հարցերի քննարկման:
Վերլուծաբանները կարծում են, որ Գերմանիայի Դաշնային կանցլերի Մոսկվա այցը հիմնականում նվիրված կլինի էներգետիկ ոլորտում Ռուսաստանի հետ փոխգործակցության խնդիրներին: