Ավստրալիացի 16 հայտնի քաղաքական գործիչներ միացել են Արցախի ավստրալիացի բարեկամների խմբին
Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը հաղորդում է, որ Ֆեդերալ սենատորներ Էնդրյու Բրեգի և Ժանեթ Ռայսի առաջնորդությամբ Արցախի ավստրալիացի բարեկամների մշտապես աճող խմբին են միացել ևս 16 նշանավոր գործիչներ՝ սատարելու Արցախի հայկական հանրապետության ինքնորոշման իրավունքին։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։
Արցախի ավստրալիացի բարեկամների խումբը կազմավորվել է 2019 թ․ օգոստոսին, երբ Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը և Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչը հյուրընկալեցին Արցախի Հանրապետության պատվիրակությանը՝ գլխավորությամբ այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի և Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանի։ Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության բնիկ հայության ստեղծված խումբը ձևավորվելիս ուներ շուրջ 40 անդամ, ներկայումս այդ թիվը գերազանցում է 70-ը։
Խմբի վերջին համալրողների մեջ են ֆեդերալ սենատորներ Էնդրյու Բրեգը և Ժանեթ Ռայսը, օրենսդիրներ՝ Նոր Հարավային Ուելս և Հարավային Ավստրալիա նահանգների օրենսդիր մարմիններից։ Ի դեպ Հարավային Ավստրալիայի խորհրդարանը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը 2020 թ․ պատերազմի ժամանակ։
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը ողջունել է խմբի համալրումը՝ շեշտելով, որ ավստրալահայ համայնքն երբեք չի հրաժարվի Արցախի Հանրապետության հերոսական ժողովրդի իրավունքների պաշտպանությունից։
Կայսերյանը մասնավորապես նշել է․ «Անցյալ տարի Արցախի Հանրապետության վրա կատարված հարձակումներից հետո Ադրբեջանը գրավեց ոչ միայն պատմական հայկական հողերի 70 տոկոսը, այլ նաև խախտեց միջազգային օրենքները` պղծելով հայկական մշակութային և կրոնական վայրերը, անօրինական ձերբակալելով ավելի քան 150 հայ ռազմագերիների, որոնց ենթարկում է քաղաքական սակարկությունների։
Այս գործողությունները, ինչպես նաև հայ ժողովրդի նկատմամբ բռնապետ Իլհամ Ալիևի բաց և թշնամական հայատյաց հայտարարությունները հայ-ավստրալիական համայնքի համար առավել մեծ առաջնահերթություն են դարձնում Արցախի Հանրապետության բարեկամների խմբի ավելացումը: Այս նոր համալրումը ավստրալական ոգու և պատմության օրինակ է, երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքների և արդարության պահպանմանը։ Ավստրալիան, ինչպես Կոսովոյի և Արևելյան Թիմորի դեպքում, չի հանդուրժի ինքնորոշում փնտրող բնիկ ժողովուրդների վտանգվածությունը»:
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ջանքերի արդյունքում՝ Արցախի ավստրալիացի բարեկամների խումբը վերջերս համալրած քաղաքական գործիչները, մինչ այդ էլ աչքի են ընկել Ավստրալիայի քաղաքական տարբեր ամբիոններում Արցախի ժողովրդի շահերի պաշտպանությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան