«Եռաբլուր»-ի բետոնապատումը՝ ինքնագործունեություն
«Ինչ ասեմ, չունեմ բան ասելու։ Ոնց ապրել չգիտենք, տենց էլ անցավորներին հարգել»,- ճարտարապետ Արսեն Կարապետյանն այսպես արձագանքեց Panorama.am-ի հարցին, թե ի՞նչ կարծիք ունեք Եռաբլուր զինվորական պանթեոնի տարածքում բետոնապատման աշխատանքների մասին։
Վերջին օրերին շատ է քննարկվում Եռաբլուրում ընթացող շինաշխատանքները, շիրմաքարերի տարբերակները, մինչևդեռ միևնույն ժամանակ նույն Եռաբլուրում դեռ փոսեր են փորվում։ Ամբողջական պատկերացում չկա, թե այդ աշխատանքների վերջում ինչ տեսք է ունենալու զինվորական պանթեոնը, որտեղ վերջին ամիսներին շատ ծնողներ իրենց օրվա մեծ մասն են անցկացնում։
Ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանը թեև ծանոթ չէ իրականացվելիք նախագծին, բայց, ըստ նրա, Եռաբլուրում ամեն ինչ պետք է զուսպ լինի։
«Եռաբլուրում ամեն ինչ պետք է զուսպ լինի, միանման՝ ոչ մեծ տապանաքարերով կամ կանգնած ստելաներով։ Անշուշտ, տարածքը պետք է ամբողջովին լինի կանաչապատ՝ խոտով ծածկված»,- նշեց ճարտարապետը։
ՀՀ ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ զինվորական գերեզմանոցներն լինում են զուսպ, ճարտարապետ Ասլան Մխիթարյանն այդպես էլ նախագծել էր։
«Թոխմախ գյոլի գերեզմանատան մուտքի մոտ կա Հայրենական պատերազմի զինվորների համար փոքր հատված։ Ուղղակի տապաններ են դրված՝ անունները վրան գրված։ Շատ ազդեցիկ է։
Մինչև հիմա էլ Ասլան Մխիթարյանն ասում է, որ չկարողացավ անել այն, ինչ ուզում էր, քանի որ մեր մենթալիտետը դա թույլ չի տալիս, ամեն մեկն ուզում է իր պատկերացրածով կառուցի գերեզմանը, չեն կարողանում ըմբռնել, որ այդտեղ բոլորը հավասար արժեք են, բոլորը զինվորներ են։
Հիմա եթե այն ամենը, ինչ կատարվում է Եռաբլուրում, արվում է Ասլան Մխիթարյանի նախագծով՝ պահպանելով զինվորական գերեզմանոցի համար ամենաանհրաժեշտ խստությունը, հավասարությունը, ուրեմն դա ճիշտ է»,- ասաց նա։
Panorama.am-ի հետ զրույցում Ասլան Մխիթարյանն ասաց, որ 44-օրյա պատերազմից հետո այն, ինչ կատարվում է «Եռաբլուր»-ում, իր հետ բացարձակապես կապ չունի։
«Եռաբլուր» պանթեոնում ամփոփված են Արցախյան ազատամարտում և 1994 թվականի զինադադարից հետո զոհված ազատամարտիկների և զինծառայողների, 2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի զոհված զինծառայողների, ինչպես նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մի շարք մարտիկների աճյունները։
Գերեզմանատան կարգավիճակը հաստատվել է 1992 թվականի մայիսի 26-ի Հայաստանի Հանրապետության Կառավարության կարգադրությամբ։ Բլրի բարձրությունը 951 մ է։ Եռաբլուր պանթեոնի հատակագծի և ճարտարապետական լուծումների հեղինակները Ասլան Մխիթարյանի արվեստանոցի ճարտարապետներն են։
«Ութ ամիս սպասում էի, որ նախագիծ արվի, եղավ 4-5 հանձնաժողով, գնացի նախարարություն, բայց հիմա ինչ կատարվում է այնտեղ, ինձ հետ կապ չունի։ Տարածքի բետոնապատումն իմ նախագծով չէ, ես դեռ նախագիծ չեմ արել, ինձանից որևէ մեկը նախագիծ չի ուզել»,- նշեց նա։
Ա.Մխիթարյանը հետաքրքրվել է՝ դեռևս որևէ նախագիծ չկա. «Առանց նախագիծ չի կարելի որևէ գործողություն կատարել։ Եթե չկա նախագիծ, մնացածն ինքնագործունեություն եմ համարում, որը կարող է բերել շատ վատ արդյունքների»։
Նա անիմաստ է համարում որևէ մեկին դիմելը, քանի որ, ըստ նրա, նախարարությունում հանդիպումներ է ունեցել, ամեն անգամ ասել են՝ այսօր-վաղը, իսկ այսօր աշխատանքներ են կատարվում, որից տեղյակ չէ։
«Որևէ մեկը որոշում է կայացրել և բետոնապատվում է առանց նախագծի։ Պարզ չէ, թե ինչ է լինելու այդ տարածքում»,- ընդգծեց նա։
Ճարտարապետը կապի մեջ է Եռաբլուրի տնօրենի հետ, նա էլ տեղյակ չէ, թե ինչ տեսք է ունենալու պանթեոնը։
Ասլան Մխիթարյանը փոխանցեց, որ «Եռաբլուր»-ում թաղումները կատարվել են նախարարության կողմից, ինքն ընդամենը մի հատ թուղթ ունի, թե թաղումներն ինչպես են կատարվել։
Ճարտարապետը բացասական է վերաբերում տարածքի բեպոնապատմանը, եթե իրենից նախագիծ ուզեին՝ «Եռաբլուր» պանթեոնում կանաչի մեջ պետք է դրվեն տապանները։
Հարակից հրապարակումներ`
- Պն-ն «Եռաբլուր»-ում հավաք է հրավիրում
- Բետոնե անապատ` կանաչի փոխարեն
- Ձեզ մոտ հարց չի առաջացել՝ ինչու՞ են Եռաբլուրը բետոնապատում
- Ներկայացվել է Եռաբլուրի շիրմաքարի 6-րդ տարբերակը
- Եռաբլուրում սպառնում են արտաշիրիմումով
- Սև քարեր Լուսավորներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին