Մեկ միլիարդ երեխայի կյանքը «խիստ վտանգված է»
Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության, Չադի, Նիգերիայի, Գվինեայի և Գվինեա-Բիսաուի երեխաների կյանքն ամենաշատն է վտանգված կլիմայի փոփոխության ազդեցությունների հետևանքով, որոնք սպառնում են նրանց առողջությանը, կրթությանը և պաշտպանությանը. դա խոցելի է դարձնում նրանց մահացու հիվանդությունների նկատմամբ: Սրա մասին նշված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօրվա զեկույցում։
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն, «Կլիմայական ճգնաժամը երեխայի իրավունքների ճգնաժամ է. երեխաների՝ կլիմայի փոփոխությունների նկատմամբ ռիսկայնության գործակից»-ը երեխայի տեսանկյունից արված առաջին համապարփակ վերլուծությունն է կլիմայական ռիսկերի վերաբերյալ։
Վերլուծության մեջ երկրները դասակարգված են ըստ այն վտանգների, որոնց երեխաները ենթարկվում են կլիմայական և բնապահպանական ցնցումների, օրինակ՝ ցիկլոնների ու ջերմային ալիքների հետևանքով, ինչպես նաև ըստ երեխաների՝ այդ ցնցումների նկատմամբ խոցելիության` հաշվի առնելով նրանց համար հիմնական ծառայությունների հասանելիությունը։
Հաշվետվությունն իրականացվել է «Ուրբաթները հանուն ապագայի» կազմակերպության հետ համագործակցությամբ, երիտասարդների կողմից հայտարարված՝ «Դպրոցական դասադուլ հանուն կլիմայի» շարժման երրորդ տարեդարձի շրջանակում։ Հաշվետվությունում նշված է, որ աշխարհի բնակչության գրեթե 2․2 միլիարդ երեխաներից մոտ 1 միլիարդն ապրում է «չափազանց բարձր ռիսկային» դասակարգված 33 երկրներից մեկում։
Այս երեխաները խոցելիության բարձր ցուցանիշով առերեսվում են կլիմայական և բնապահպանական բազմաթիվ ցնցումների մահացու ազդեցությանը՝ հիմնական ծառայությունների (ջուր, սանիտարական պայմաններ, առողջապահություն և կրթություն) ոչ բավարար լինելու պատճառով: Վերլուծության մեջ նաև նշված է վտանգի ենթարկվող երեխաների թիվը, և շատ հավանական է, որ այս թիվը կմեծանա կլիմայական փոփոխությունների ազդեցությունների հաճախականության ավելացմանը զուգընթաց։
«Առաջին անգամ մենք ունենք համընդհանուր պատկերը՝ որտեղ և ինչպես են երեխաները դառնում խոցելի կլիմայական փոփոխության նկատմամբ, և այդ պատկերն անհավատալիորեն սարսափազդու է: Կլիմայական և բնապահպանական ցնցումները խաթարում են երեխաների իրավունքների ամբողջ շրջանակը՝ մաքուր օդից, սննդից և խմելու ջրից օգտվելու իրավունքներից մինչև կրթություն ստանալու, տանիք ունենալու, շահագործումից զերծ լինելու և նույնիսկ կյանքի պահպանման իրավունքները։
Փաստացի, սա կարող է ազդել յուրաքանչյուր երեխայի վրա,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետտա Ֆորը։ - Արդեն երեք տարի է, ինչ աշխարհում երեխաները բարձրաձայնում են սրա մասին՝ պահանջելով գործողություններ։ ՅՈԻՆԻՍԵՖ-ն աջակցում է փոփոխություն բերելուն միտված նրանց այս կոչին հստակ ուղերձով՝ կլիմակայան ճգնաժամը երեխայի իրավունքների ճգնաժամն է»։
Երեխաների՝ կլիմայի փոփոխությունների նկատմամբ ռիսկայնության գործակիցը ցույց է տալիս, որ.
° 240 միլիոն երեխայի կյանք խիստ վտանգված է մակընթացությունների հետևանքով:
° 330 միլիոն երեխայի կյանք խիստ վտանգված է գետի հեղեղումների հետևանքով:
° 400 միլիոն երեխայի կյանք խիստ վտանգված է ցիկլոնների հետևանքով:
° 600 միլիոն երեխայի կյանք խիստ վտանգված է մակաբուծային հիվանդությունների հետևանքով:
° 815 միլիոն երեխայի կյանք խիստ վտանգված է կապարով աղտոտման հետևանքով:
° 820 միլիոն երեխայի կյանք խիստ վտանգված է ջերմային ալիքների հետևանքով:
° 920 միլիոն երեխայի կյանք խիստ վտանգված է ջրի սակավության հետևանքով:
° 1 միլիարդ երեխայի կյանք խիստ վտանգված է օդի չափազանց բարձր մակարդակի աղտոտման հետևանքով:
Թեև աշխարհում յուրաքանչյուր երեխայի սպառնում է կլիմայական և բնապահպանական այս վտանգներից առնվազն մեկը, ներկայացված տվյալները փաստում են, որ ամենաշատ վտանգված երկրները ենթարկվում են բազմակի և գրեթե նույն ժամանակ տեղի ունեցող ցնցումների, որոնք սպառնում են քայքայել զարգացման առաջընթացը և խորացնել երեխաների զրկանքները:
Ըստ գնահատականների՝ 850 միլիոն երեխա, այն է՝ աշխարհում յուրաքանչյուր 3 երեխայից 1-ը, ապրում է այն տարածքներում, որտեղ կլիմայական և բնապահպանական այս ցնցումներից առնվազն չորսը կարող են գրեթե նույն ժամանակ տեղի ունենալ։ 330 միլիոն երեխա, այն է՝ 7 երեխայից 1-ը, ապրում է այն տարածքներում, որտեղ տեղի են ունենում կլիմայական և բնապահպանական այս ցնցումներից առնվազն հինգը։
Զեկույցի մեջ նաև նշված է ջերմոցային գազերի արտանետումների և երեխաների վրա ամենաշատը ներգործող կլիմայական ազդեցությունների միջև փոխկապակցության բացակայության մասին։ 33 «չափազանց բարձր ռիսկային» դասակարգված երկրները միասին արտանետում են ածխաթթու գազի գլոբալ արտանետումների 9 տոկոսը միայն: Մինչդեռ 10 ամենաշատ արտանետող երկրները միասին կազմում են գլոբալ արտանետումների գրեթե 70 տոկոսը։
«Կլիմայի փոփոխությունը խորապես անհավասարաչափ է տեղի ունենում: Թեև ոչ մի երեխա ջերմաստիճանի գլոբալ բարձրացման համար պատասխանատու չէ, նրանք ամենաբարձր գինն են վճարելու: Ամենաքիչ պատասխանատվություն կրող երկրների երեխաները կտուժեն ամենաշատը,- նշել է Ֆորը:- Բայց դեռ ժամանակ կա իրավիճակը շտկելու: Երեխաների համար անհրաժեշտ ծառայությունների (ջուր, սանիտարական պայմաններ, առողջապահություն, կրթություն) հասանելիության բարելավումը կարող է զգալիորեն բարձրացնել կլիմայական այս վտանգներին դիմակայելու նրանց կարողությունը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին և մասնավոր հատվածին կոչ է անում լսելու երեխաներին և առաջնահերթություն տալու այն գործողություններին, որոնք կպաշտպանեն նրանց վտանգներից՝ միաժամանակ արագացնելով ջերմոցային գազերի արտանետումները զգալիորեն նվազեցնելու աշխատանքները»:
Եթե չձեռնարկվեն ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման համար պահանջվող անհապաղ գործողություններ, երեխաները կշարունակեն ամենից շատը տուժել: Մեծահասակների համեմատ՝ երեխաներին անհրաժեշտ են ավելի շատ սնունդ և ջուր իրենց մարմնի քաշի մեկ միավորի համար, բացի այդ՝ նրանք ավելի դժվար են դիմակայում եղանակային ծայրահեղ պայմաններին և ավելի անպաշտպան են թունավոր քիմիական նյութերի, ջերմաստիճանի փոփոխությունների և հիվանդությունների դեմ, ի թիվս այլ գործոնների:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին, մասնավոր հատվածին և համապատասխան դերակատարներին.
1. Մեծացնել կլիմայի փոփոխությանը հարմարվողականության և դիմակայունության նպատակով կատարվող ներդրումները երեխաների համար հիմնական ծառայություններում: Արդեն փոփոխվող կլիմայի վատթարագույն ազդեցություններից երեխաներին, համայնքներին և ամենախոցելի հատվածներին պաշտպանելու համար հարմարեցնել ջրային, սանիտարական և հիգիենայի համակարգերը, առողջապահական և կրթական ծառայությունները:
2. Կրճատել ջերմոցային գազերի արտանետումները: Կլիմայի ճգնաժամի վատթարագույն ազդեցություններից խուսափելու համար անհրաժեշտ է ձեռնարկել համապարփակ և հրատապ գործողություններ: Մինչև 2030 թվականը երկրները պետք է նվազեցնեն արտանետումներն առնվազն 45 %-ով (2010 թվականի մակարդակի համեմատ)՝ պահպանելով գլոբալ տաքացման ջերմաստիճանը 1․5°C-ից ոչ բարձր։
3. Երեխաներին տրամադրել կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթություն և «կանաչ» հմտություններ, որոնք կենսական նշանակություն ունեն կլիմայի փոփոխության ազդեցություններին հարմարվելու և դիմակայելու համար: Երեխաներն ու երիտասարդներն առերեսվելու են կլիմայի ճգնաժամի և ջրի սակավության ավերիչ հետևանքներին, սակայն նրանք ամենաքիչ պատասխանատվությունն են կրում: Մենք ունենք պարտավորություն բոլոր երիտասարդների և գալիք սերունդների առջև:
4. Երիտասարդներին ներառել կլիմայի փոփոխության վերաբերյալ բոլոր՝ ազգային, տարածաշրջանային և միջազգային բանակցություններում և որոշումներում, այդ թվում Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26): Երեխաներն ու երիտասարդները պետք է մասնակցեն կլիմայի վերաբերյալ բոլոր որոշումների կայացմանը:
5. Ապահովել, որ ՔՈՎԻԴ-19 համավարակից հետո վերականգնումը լինի «կանաչ», ցածր ածխածնային և ներառական, այնպես որ կլիմայի ճգնաժամին դիմակայելու և դրան արձագանքելու ապագա սերունդների կարողությունը չխաթարվի:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան