«Ֆիզգոռոդոկ» թաղամասից քաղաքացիներ բերման ենթարկվեցին
Ոստիկանները երկու րոպե ժամանակ են տրամադրել Երևանի Արտեմ Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի կողքին՝ Աջափնյակ վարչական շրջանի «Ֆիզգոռոդոկ» թաղամասում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին՝ ազատել մայթը, որտեղ այժմ շինաշխատանքներ են ընթանում։
«Հուշարձանային տարածքում շինաշխատանքներ են կատարվում, վնասվում է ծառը, կանաչ տարածքը, ոստիկանները բիրտ ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ։ Ոստիկանները կույր են, ոչինչ չեն տեսնում։
Ամոթ, ամոթ»,- հայտարարեց քաղաքացիներից մեկը։
Հիշեցնենք, որ քաղաքացիները դեմ են այդ տարածքում 12 հարկանի շենքի կառուցմանը, նրանք արդեն մի քանի օր է բողոքի ակցիաներ են իրականացնում։
«Քաղաքացիները պաշտպանում են հուշարձան հանդիսացող թաղամասը, քաղաքացիները պաշտպանում են իրենց կանաչ տարածքը, ոստիկաններն այս պահին հանցակից են հանցագործներին։ Երեկ և այսօր տեսել ենք քաղաքացիական հագուսով ոստիկանների։ Այս երկրում վատագույն ավադույթները վերականգնվում են։
Հուշարձանային տարածք է, ոստիկանը պաշտպանում է հուշարձանային տարածքը քանդողներին»,- ասաց բողոքող քաղաքացին։
Քաղաքացիները հիշեցրեցին Նիկոլ Փաշինյանի խոսքը, ով իշխանության գալուց հայտարարել էր՝ Հայաստանում երբևէ որևէ հուշարձան իր իշխանության օրոք չի վնասվելու։
«Սա հերթական դեպքն է, այս պահին արձանագրում ենք հուշարձանի վնասում և ոչ վարչապետի աշխատակազմից, ոչ քաղաքապետարանից չեն գալիս քաղաքացիների բարձրացրած բողոքը սատարելու, պատժելու հանցագործներին։
Նիկոլ Փաշինյան, հերթական հուշարձանն է վնասվում, որևէ գործողություն չի գործադրվում բացի քաղաքացիների հանդեպ բռնություն կիրառելուց»,- ասաց քաղաքացին։
Ոստիկանները կրկին դիմեցին քաղաքացիներին՝ ազատել տարածքը։
«Պահանջում ենք Հայկ Մարությանին։ Գնացեք, բերման ենթարկեք նրան այստեղ, մենք էլ կհեռանանք տարածքից»,- ասացին քաղաքացիները, որից հետո ոստիկանները սկսեցին հրմշտելով, քաշքշելով բերման ենթարկել քաղաքացիների։
Քաշքշելով բերման ենթարկելու պահին քաղաքացիներից մեկի տաբատը հագից դուրս եկավ, սակայն ոստիկանները շարունակեցին նրան տանել։
Այնուհետև քաղաքացիներից մեկը հայտարարեց՝ քաղաքապետարանից զանգել են, ասել, որ մինչև երկուշաբթի շինաշխատանքները դադարեցվում են, իսկ արդեն երկուշաբթի քաղաքապետարանի ներկայացուցիչները կգան տարածք։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞նց կարող է այդ կոմիկը քաղաքագլուխ լինի, թող գնա ինչ-որ ծամածռություններ անի. «Ֆիզգորոդոկի» բնակիչները բողոքում են
- «Կանդալները բեր, մի խփեք կնոջը». Ծեծկռտուք քաղաքացիների ու ոստիկանների միջև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան