Բայդենի իմպիչմենտի վերաբերյալ նախագիծ է ներկայացվել ԱՄՆ Կոնգրես
ԱՄՆ Ներկյաացուցիչների պալատի անդամ Հանրապետական կուսակցությունից Մարջորի Թեյլոր Գրինը Կոնգրեսին առաջարկել է նախագահ Ջո Բայդենի նկատմամբ միանգամից 3 իմպիչմենտ հայտարարել: Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Նրա խոսքով, Կոնգրեսի քննարկմանը ներկայացված բանաձևերի նախագծերից մեկը նախատեսում է Բայդենին իշխանությունից հեռացնել այն պատճառով, որ ենթադրաբար նա տասը հազար ամերիկացիների աֆղանական թալիբների տիրապետության տակ է թողել։
Բացի այդ, ըստ Գրինի, ԱՄՆ նախագահը խախտել է միգրացիոն օրենսդրությունը՝ թույլ տալով ճգնաժամ հարավային սահմանին և իրեն օրենսդրական լիազորություններ է վերապահել ի հեճուկս Գերագույն դատարանի դիրքորոշման՝ երկարացնելով կացարանի վարձակալների վտարման վերաբերյալ մորատորիումը:
«Ջո Բայդենի նախագահության կարճ՝ 7 ամսվա ընթացքում Ամերիկան կորցրել է ողջ աշխարհի հարգանքը: Ապացույցներն ակնհայտ են, իսկ նրա գործողություններն այնքան ակնհայտ են, որ նրա նկատմամբ իմպիչմենտ պետք է հայտարարվի»,- ասել է կոնգրեսականը:
Այնուամենայնիվ, նրա նախաձեռնությունը հաջողության հասնելու քիչ հնարավորություն ունի, քանի որ Կոնգրեսի երկու պալատները վերահսկվում են Դեմոկրատական կուսակցության Բայդենի համախոհների կողմից: