Պակիստանում մահապարտ-ահաբեկիչը հարձակվել է չինացիների ավտոշարասյան վրա, զոհվել է երկու երեխա
Պակիստանի Բելուջիստան նահանգում մահապարտ ահաբեկիչը հարձակվել է չինացի աշխատակիցների ավտոշարասյան վրա, ինչի հետևանքով վիրավորվել է Չինաստանի մեկ քաղաքացի և զոհվել երկու տեղացի երեխա: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Պակիստանում Չինաստանի դեսպանատունը:
«Պակիստանում Չինաստանի դեսպանատունը խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը, հայտնում իր կարեկցանքը երկու երկրների տուժած քաղաքացիների համար և ցավակցում Պակիստանի անմեղ զոհերին»,- ասվում է դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ, որը տեղադրված է դեսպանատան կայքում:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ Գվադար նավահանգստում կառուցվող ավտոմայրուղու օբյեկտում, որը Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքի ծրագրի մի մասն է, ենթակառուցվածքային նախագիծ, որը ենթադրաբար կապելու է Պակիստանի հարավարևմտյան Գվադար քաղաքը Չինաստանի Սինցզյանգ ույգուրական ինքնավար շրջանի հետ: Հաղորդվում է, որ վիրավորներից մի քանիսը հոսպիտալացվել են Գվադարի հիվանդանոց:
Դեսպանատունը Պակիստանի իշխանություններին կոչ է արել հետաքննել հարձակումը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Չինաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը հիշեցնում է, որ վերջերս Պակիստանում անվտանգության իրավիճակը բարդ է: Մեկը մյուսի հետևից մի քանի ահաբեկչություններ են իրականացվել, որոնց զոհերը Չինաստանի քաղաքացիներ են: